Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
Այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ հրավիրել՝ քննարկելու հետպատերազմյան ժամանակահատվածի սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները:
Որոշում ենք կայացրել.
Ա) Առաջիկա մեկ տարում բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ:
Բ) Այն կարիքավոր ընտանիքներին, որոնց նվազագույն եկամուտը մեկ շնչի հաշվով քիչ է 60 հազար ՀՀ դրամից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:
Գ) Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն:
Դ) Պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին: Հանձնարարել եմ նաև կարճ ժամանակահատվածում լուծել ենթակառուցվածքային բոլոր խնդիրները: