Թուրքիան չի ուզում առճակատում Ռուսաստանի հետ, Արցախի հարցում սպասում է, որ ռուս խաղաղապահները դուրս կգան այնտեղից. Թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, նախօրեին՝ օգոստոսի 10-ի երեկոյան ժամը 20:48-ին, Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտարարվում է, երկրաշարժի հետևանքով առնվազն 23 մարդ է տուժել: Ինչպե՞ս կարող է սա անդրադառնալ Թուրքիայի տնտեսության վրա:

– Բնականաբար, փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո աղետի գոտին դեռ վերականգնված չէ, փորձում են նախատեսված ժամկետներում վերականգնել հետևանքները: 

Ինչ վերաբերում է երեկվա երկրաշարժին, պետք է ասել, որ սա այն ավերիչ ուժգնությունը չի ունեցել, որ Թուրքիայի համար նոր խնդիրներ ստեղծի: 

Թուրքիայում ցնցումներ շատ են լինում, բայց՝ թույլ, այնտեղի սեյսմոլոգներն էլ բազմիցս՝ դեռ փետրվարյան երկրաշարժից առաջ, զգուշացրել ու զգուշացնում են, որ կա երկրաշարժի հավանականություն՝ անգամ Ստամբուլում ու նաև մեր պատմական Արևմտյան Հայաստանի Բինգյոլի հատվածում: Կոնկրետ Մալաթիայում ու դրան հարակից շրջաններում մինչև հիմա շարունակվում են փետրվարյան երկրաշարժի հետցնցումները, բայց որոշ տեղերում առանձին օջախներ են, այսինքն՝ դրանք հետցնցման հետ կապ չունեն, նոր երկրաշարժեր են:

– Թուրքիայի տնտեսական վիճակն այս պահին ի՞նչ վիճակում է, հասցրե՞լ են վերականգնվել աղետից հետո:

– Փետրվարին տեղի ունեցած երկրաշարժն այն շրջաններում էր, որոնք պետության համար որոշիչ նշանակություն չունեին արդյունաբերության առումով, բայց, բնականաբար, իր բացասական ազդեցությունն ունեցավ տնտեսության վրա: Եթե ներկայիս վիճակը համեմատում ենք երեք-չորս ամիս առաջվա վիճակի հետ, ապա կարող ենք ասել, որ Թուրքիայի տնտեսական վիճակն ավելի վատ է: 

Դրա ցուցիչը դոլար-լիրա հարաբերակցությունն է, թուրքական լիրան անընդհատ արժեզրկվում է, այսինքն՝ եթե տնտեսությունը լավ վիճակում լիներ, կարգավորվեր, լիրան չէր արժեզրկվի: Երկու-երեք ամիս առաջ մեկ դոլարը 18 լիրա էր, իսկ հիմա՝ 27, ինչը բավականին մեծ թիվ է, ու նշանակում է, որ տնտեսության մեջ խնդիրները խորանում են:

– Պարո՛ն Իսպիրյան, իսկ տնտեսական ծանր վիճակն ինչպե՞ս է անդրադառնում Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, այնուամենայնիվ, Թուրքիան շարունակո՞ւմ է իր ծավալապաշտական քաղաքականությունը:

– Բնականաբար, Թուրքիան այն պայմաններում չէ, որ փորձի հրաժարվել իր արտաքին քաղաքականության որդեգրած ուղուց: Նա դեռ այդ վիճակում չէ, կարևոր հանգամանք էր Թուրքիայի համար նաև ռուս-ուկրաինական պատերազմը, որովհետև միլիարդների շրջանառություն արվում է Թուրքիայի միջոցով, ինչը այս երկրի տնտեսությունը փրկում է կործանումից այս պահին:

– Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում հայկական կողմը հայտարարում է, որ սահմանի հայկական կողմում աշխատանքներ են կատարվում՝ սահմանը բացելուն ընդառաջ: Թուրքական կողմում և՞ս այդ աշխատանքները կատարվում են:

– Թուրքական կողմը վստահ է, որ շուտով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կկարգավորվեն, խաղաղության համաձայնագիր կկնքվի, ու սրան զուգահեռ աշխատանքներ է կատարում սահմանի իրենց կողմում, բայց շատ դանդաղ: Թուրքիան չի շտապում, սպասում է մինչև վերջ, քանի չի կնքվել այդ համաձայնագիրը, Թուրքիան չի բացելու սահմանը՝ առանց Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների վերջնական կարգավորման: 

– Եթե Արցախի հարցը չկարողանան իրենց ուզած ձևով կարգավորել, ապա հնարավոր համարո՞ւմ եք, որ Թուրքիան Ադրբեջանին կրկին կդրդի հարցի լուծման գնալ պատերազմի ճանապարհով, պարո՛ն Իսպիրյան:

– Այս պահին, քանի որ Հայաստանը համաձայնել է կնքել խաղաղության համաձայնագիր, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը քիչ է, սակայն այն միշտ կա: 

Թուրքիան Արցախի հետ կապված ունի նաև մեկ սպասում, որ 2025 թվականին ռուս խաղաղապահները դուրս կգան այնտեղից, որպեսզի առանց խնդրի այդ հարցը լուծեն հօգուտ իրենց, հիմա չեն ուզում Ռուսաստանի հետ առճակատման մեջ մտնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am