«Մադրիդյան սկզբունքները ուղիղ պատերազմի վերսկսման ու Հայաստանի կործանման ճանապարհն է». Արա Պապյան

«Մադրիդյան սկզբունքները ուղիղ պատերազմի վերսկսման ու Հայաստանի կործանման ճանապարհն է». Արա Պապյան
«Մադրիդյան սկզբունքները ուղիղ պատերազմի վերսկսման ու Հայաստանի կործանման ճանապարհն է». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարո՛ն Պապյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ստեփանակերտ ու Արցախում Անվտանգության խորհրդի նիստ գումարեց: Փաշինյանն իր ելույթում մի քանի շեշտադրումներ արեց, ի՞նչ ուղերձներ հղեց:

– Ամենակարևոր հարցը, որը բարձրացրել էին եռանախագահներն իրենց ուղերձում, հինգերորդ պարբերությունն է, որում վերաշարադրված են Մադրիդյան սկզբունքները, որին Անվտանգության խորհրդի նիստի իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը: Նա խոսեց Հելսինկյան երեք սկզբունքների և հակամարտությունը կարգավորող վեց տարրերի մասին: Ինձ համար այստեղ կարևորը հստակ դիրքորոշումն է, որը ես այդպես էլ չհասկացա: Հիմա այդ վեց տարրերը մնո՞ւմ են որպես դիրքորոշման հիմք, թե՞ չեն մնում:

Մնացած թեման վերաբերում էր բանակցային ձևաչափին, այն է՝ Արցախի մասնակցությանը և այլն, որն էական չէ: Էական է, թե ինչի՛ շուրջ են ընթանում բանակցությունները, ինչի՛ հիման վրա: Եթե մենք ընդունում ենք այդ վեց տարրերը, որոնց թվում են ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների հանձնումը, փախստականների վերադարձը, խաղաղապահ գործողությունները, դա նշանակում է, որ հակամարտությունը չի լուծվում: Ընդհակառակը, մենք հանձնում ենք ամեն ինչ՝ մեզ համար խիստ ցավագին հետևանքներով: Դրա համար այստեղ ամենակարևորը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հստակեցումն է: Դրանք մերժելու մասին միանշանակ հայտարարություն չի արվել:

– Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն ընդհանուր առմամբ Հայաստանի ու Արցախի համար դրակա՞ն է, թե՞ բացասական:

– Դա վատ հայտարարություն էր, դրանում շատ վատ ռիսկեր կան: Ըստ էության այն, ինչ զուտ աշխատանքային փաստաթուղթ էր, և մենք ասում էինք՝ քանի դեռ ամբողջը չի ընդունվել, ուրեմն ոչինչ չի ընդունվել, այսօր այդ հայտարարությամբ աշխատանքային թուղթը դառնում է եռանախագահների դիրքորոշում:

Դա շատ վատ է: Այսինքն՝ տարածքներ հանձնելը, առանց կարգավիճակի հստակեցման, դարձել է դիրքորոշում: Ճիշտ է, այստեղ Նիկոլ Փաշինյանի մեղքը քիչ է, այդ մեղքը գալիս է Լևոն Տեր-Պետրոսյանից, երբ դրեց «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը, հետո դա զարգացավ արդեն Քոչարյանի ժամանակ՝ որպես Մադրիդյան սկզբունքներ և շարունակվեց այդպիսին մնալ Սերժ Սարգսյանի ժամանակ:

Բայց Նիկոլ Փաշինյանի մեղքն այնքանով է, որ ինքը շարունակում է այդ նույն գիծը: Թող հստակ ասի, որ մենք իմանանք: Ի վերջո շատ մարդիկ Սերժ Սարգսյանին մերժել են հենց Ղարաբաղի հարցի համար, որովհետև մենք չենք ընդունում Մադրիդյան սկզբունքները, որովհետև դա ուղիղ պատերազմի վերսկսման ու Հայաստանի կործանման ճանապարհն է: Երբ մենք այդ 7 շրջանը հանձնենք, ու այնտեղ զորքերի ուղեկցությամբ մտնեն ադրբեջանցիները, այդ ժամանակ ամեն ինչ կվերջանա:

– Ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ի՞նչ պահանջներ պետք է առաջ քաշի:

– Կարող է ասել՝ ես հեղափոխական իշխանություն եմ, եկել եմ հեղափոխությամբ, հետևաբար, այն, ինչ ինձանից առաջ բանակցել են, այս հեղափոխությունը ցույց է տալիս, որ մեզ համար անընդունելի է: Եվ պետք է առաջ քաշել այլ տարբերակ, ինչի մասին հազար անգամ խոսել ենք՝ միջազգային իրավունքը:

Այսօր քննարկումը գնում է ստալինյան սահմանադրության շուրջ, անհեթեթ վիճակ է ստեղծվել: Ամբողջ աշխարհում ստալինիզմն ու ստալինյան սկզբունքները մերժվում են, մենք մեր բանակցային հիմքում դրել ենք այդ սկզբունքները և դրա շուրջ քաղաքական, ոչ իրավական բանավեճի մեջ ենք մտել ադրբեջանցիների հետ: Սա պետք է փոխվի, որովհետև ի տարբերություն Փաշինյանի, ես չեմ ընդունում, որ ադրբեջանցի ժողովուրդը նույնքան խաղաղասեր է, ինչքան հայ ժողովուրդը: Թալիշում երեք խաղաղ բնակչին մորթողը, հայ ռազմագերիներին կենդանի մորթողը, իսկ մնացածի դիակները պղծողը էլի Ադրբեջանի ժողովուրդն է, Ալիևը չի եղել: Այնպես որ, համեմատությունը տեղին չէ:

– Այսինքն՝ ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ ձևաչափ պետք է փոխվի:

– Ո՛չ, ձևաչափը չպետք է փոխվի, պետք են փոխվի բանակցային հիմքը, էությունը: Այդ վեց տարրերը, որոնց մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, դրանք պետք է փոխվեն, որովհետև այդ վեց տարրերը չեն բերում խնդրի լուծման, տևական խաղաղության: Մի պահ պատկերացնենք՝ հայերը հանձնում են յոթ շրջանը, միջազգային ինչ-որ վերահսկողության տակ պահում են միջանցքը, այդ յոթ շրջան օտարերկրյա զորքերի ուղեկցությամբ մտնում են ադրբեջանցիները, ԼՂՀ վերադառնում են մյուս գաղթականները, իսկ իրենք հաստատ վերադառնում են առնվազն 200 հազարով:

Եվ հետո 5-10 տարի հետո լինում է կամարտահայտություն կամ հանրաքվե: Որևէ մեկն իսկապե՞ս մտածում է, որ դրանից հետո 5 կամ 10 տարի հայերը դեռ կշարունակեն Արցախում ապրել: Իմ կարծիքով՝ ոչ մի հայ այնտեղ այլևս չի ապրի, բոլորը կարտագաղթեն Ռուսաստան, Հայաստան:

– Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Մինսկի խմբի այս հայտարությունն ավելի շատ հայկական կողմի՞ն էր ուղղված, թե՞ ադրբեջանական:

– Կարծում եմ, որ սա հիմնականում հայկական կողմին ուղղված մեսիջ էր: Սրա խորքում ավելի շատ աշխարհաքաղաքական դժգոհություններն են Հայաստանի նկատմամբ: Այն վիճակը, որն այսօր կա Հայաստանի շուրջ, ո՛չ Արևմուտքին է բավարարում, ո՛չ Ռուսաստանին: Երկուսն էլ դժգոհ են, Արևմուտքը հույս ուներ, որ Փաշինյանը կլինի ավելի պրոարևմտյան, բայց չեղավ, իրենք էլ բավարարված չեն և իրենց դժգոհություններն են արտահայտում: Ռուսաստանն էլ էլի դժգոհ է, որովհետև Փաշինյանն իշխանության է եկել մի ճանապարհով, որն իր համար ընդունելի չէ: Այսինքն՝ մենք մի վիճակ ունենք, որ այսօր երկու կողմերն էլ դժգոհ են: Իսկ այդ դժգոհությունն այսպես է արտահայտվում, այդ ուղերձը տվեցին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am