«Հայաստանում ամենագերակա ուղղությունը պաշտպանական ոլորտն է, և այդ ոլորտին հատկացվող գումարները պետք է շեշտակի աճեին». Վարդան Արամյան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհը հանրության շրջանում բազմաթիվ հարցերի տեղիք է տվել: Բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի, իրավական պատշաճ քննության, քրեական և քաղաքական պատասխանատվության հետ կապված հարցերին զուգահեռ մարդիկ հետաքրքրվում են՝ ինչպե՞ս է ծախսվում պաշտպանական բյուջեն, եթե զինծառայողները քնելու և կեցության պատշաճ, անվտանգ ու մարդկային պայմաններ չունեն:

Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի պնդմամբ՝ Կառավարությունը պետք է ծախսերի գերակայություն սահմանի, որպեսզի հանրությունը վստահ լինի, որ իր վճարած հարկը կամ գումարները ծախսվում են սահմանված գերակայություններով:

«Ես որպես տնտեսվարող սուբյեկտ, ֆիզիկական անձ հարկը տալիս եմ և պահանջում եմ պետությունից, որ պետությունն այդ միջոցները ուղղի այն ոլորտներին, որոնք գերակա են մեզ համար: Կառավարությունը գերակայությունները պետք է սահմանի՝ երկրի, տնտեսվարողի ու հասարակության շահերից ելնելով: Իսկ հիմա որո՞նք են կարևոր գերակայությունները. բնականաբար, բոլորս գիտենք ու հասկանում ենք, որ 2020 թվականից այս կողմ Հայաստանում ամենագերակա ուղղությունը պաշտպանական ոլորտն է, հետևաբար այդ ոլորտին հատկացվող գումարները պետք է շեշտակի աճեին»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Վարդան Արամյանը:

Ըստ մասնագետի, պատերազմից հետո՝ 2021-ին 2020-ի համեմատ շուրջ 50 միլիարդով պակաս են եղել պաշտպանական ծախսերը. եթե 2020-ին ՊՆ ծախսերը փաստացի կազմել են 387,7 մլրդ դրամ, ապա 2021-ին դրանք եղել են 336,8 մլրդ դրամ:

«Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ տանկ ու զրահամեքենա, բազում կարևոր ռազմական կորուստներ էինք ունեցել, պետք էր կապիտալ ծախսերը վերանայել: Իսկ ի՞նչ է արել մեր սիրելի կառավարությունը՝ կրճատել է ծախսերը»,- նշում է նա:

Ինչ վերաբերում է 2022-ին, ապա այդ տարում, Արամյանի խոսքով, պաշտպանական բյուջեի էական ավելացում չի արձանագրվել. 2022-ին բյուջեի ծրագիրը ՊՆ ծախսերի գծով եղել է 345.5 մլրդ դրամ, նախորդ տարվա փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել է շուրջ 10 մլրդ դրամով։

Նկատենք՝ դեռևս բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարվում էր, որ 2022-ի բյուջեով 33 մլրդ դրամով ավելացել են ռազմական ծախսերը, և հատկացումների մեծ մասն ուղղվելու էր ՊՆ շենքային պայմանների բարելավմանը։ Միաժամանակ, 2021 թվականի համեմատ չէր փոխվելու ռազմական կարիքների բավարարմանը հատկացվող գումարի չափը՝ 217 մլրդ դրամ:

«2022թ-ի ՊՆ ծախսերի ճշգրտված ծրագիրը, ըստ ՀՀ կառավարության ինտերակտիվ բյուջեի տվյալների, կազմել է 367,7 մլրդ դրամ, իսկ դրա գծով կատարողականն ընդամենը 169,7 մլրդ դրամ։ Եթե դա այդպես է, ուրեմն դա աղետ է», -նշում է Արամյանը։

Այդուհանդերձ, 2022-ի ծախսերի, կատարողականի մասին տվյալները, Արամյանն ասում է՝ կհրապարակվեն փետրվար-մարտ ամիսներին, բայց զորամասի կացարանի հրդեհի դեպքը ստիպում է եզրակացնել.

«Երբ պաշտպանական ծախսերը կառավարությունը գերակա չի համարում, այդ իսկ պատճառով տեղի են ունենում երեկվա դեպքերը, դրա համար թշնամին օր օրի մեծացնում է սպառնալիքները, իսկ մենք գնում ենք զիջումների: Մենք պետությանը հարկ ենք վճարում, որ նա պատշաճ ծառայություններ մատուցի, ապահովի հանրության անվտանգությունը»:

Նրա խոսքով՝ երկիրը տնտեսական ու անվտանգային լուրջ խնդիրների առաջ է կանգնած, և ստեղծված պայմաններում ելքը կառավարության հրաժարականն է:

«Պետք է հրաժարական տան, վարվեն այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրներում են վարվում: Զինվորների հետ տեղի ունեցածը այն է, ինչ ես երկու տարի անընդհատ կրկնում եմ: Դուք չեք գտնի մի հարցազրույց, որում ես չասեմ՝ պաշտպանական ծախսեր արեք, պաշտպանական կապիտալ ծախսեր արեք: Չեն անում, ու հետևանքը լինում է այդ դեպքը: Մենք հարկ ենք վճարում, որ զինվորին պատշաճ կացարան ապահովեն, ոչ թե գնան ավտոմեքենաներ գնեն»,- ասում է Վարդան Արամյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am