Ես պարզապես հետևում եմ․ ՇՄ նախարարը՝ Ամուլսարում կատարվողի մասին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարի պաշտոնում նշանակումից անմիջապես հետո, ժամանակ է խնդրել, որպեսզի լիարժեքորեն տիրապետի թեմային ու իր կոմպետենտ կարծիքը հնչեցնի այս մասին ավելի ուշ։ Այդ մասին նախարարն ասել է Ազատությանը։

«Ցանկանում եմ երաշխավորել, ինչպես նաև վարչապետն է անդրադարձել իր ասուլիսիներին, եթե հանքը շահագործվի, մենք պետք է ունենանք բոլոր երաշխիքները ռիսկերի կառավարման ու մնացած մտահոգությունների փարատման առումով, եթե այլ երաշխիքներ չլինեն, ուրեմն չպետք է շահագործվի: Բնապահպանական շարժումների, նրանց ներկայացուցիչների հետ էլ պետք է խոսեմ:

Ես աշխատելու եմ բաց, շիտակ և թափանցիկ, և չի կարող մի մտահոգություն լինել, որը հաշվի չի առնվի, որևէ փաստարկ, որը քննարկելի չի լինի, ես դա երաշխավորում եմ և անձամբ, և ի պաշտոնե», -ասել է նախարարը։

Ինչ վերաբերում է Ամուլսարում տիրող լարված իրավիճակին Պետրոսյանն ասել է. «Այս պահին այլ գերատեսչություններ են ներգրավված այս գործընթացում, որոնք պետք է ներկայացնեն իրենց գնահատականները, ես հիմա զերծ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, ես պարզապես հետևում եմ»: