Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմիջնորդի, որպեսզի փոխվեն «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների՝ Աշոտ Հովանեսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Սրա համար կան նաև որոշակի հանրային ազդակներ: Հատկապես հաշվի է առնվել, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով: Երեկ խմբակցության նիստում քննարկել ենք: Ըստ էության, դրական ենք տրամադրված նրանց խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու հարցով»,-ասաց Կոնջորյանը:
Միջնորդությունն, ըստ ամենայնի, պատգամավորները կներկայացնեն փետրվարի 6-ին:
Խմբակցությունում կարծում են, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա: Պատգամավորների ստորագրությունները, սակայն, դեռ թղթի վրա չկան:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք խմբակցության նիստին, որում քննարկվել է միջնորդություն ներկայացնելու հարցը, ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անի Գևորգյանը նրա եղբոր կինն է, Կոնջորյանը բացասական պատասխան տվեց, Սիմոնյանը փետրվարի 5-ի նիստին ներկա չի եղել: