«Մինչեւ վերջ պահանջելու ենք հանցագործության բացահայտումը եւ հետամուտ լինելու խնդրի արդարացի հանգուցալուծանը. «Ժառանգություն»

«Մինչեւ վերջ պահանջելու ենք հանցագործության բացահայտումը եւ հետամուտ  լինելու խնդրի արդարացի հանգուցալուծանը. «Ժառանգություն»
«Մինչեւ վերջ պահանջելու ենք հանցագործության բացահայտումը եւ հետամուտ լինելու խնդրի արդարացի հանգուցալուծանը. «Ժառանգություն»

Մարտիմեկյան իրադարձությունների տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Մարտի 1»-ը մնում է չբացահայտված

«Այսօր նորանկախ Հայաստանի պատմության մեծագույն ողբերգություններից մեկի` «Մարտի 1»-ի չորրորդ տարելիցն է: Քաղաքացու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար կոչված իշխանությունը խլեց խաղաղ հանրահավաքում ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծման իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներից 8-ի եւ բանակի ապօրինի ներգրավման արդյունքում եւս 2 զինվորականի կյանքը: Հանուն մի քանի իշխանավորների աթոռներն անսասան պահելու եւ դրանք յուրայիններին փոխանցելու` գործող վարչակարգը հարյուրավոր քաղաքացիների պատճառեց մարմնական, այդ թվում հրազենային վնասվածքներ:

2008-ից չորս տարի անց մարտիմեկյան զոհերի հարազատների ցավը մնում է չամոքված, ոճիրի պատասխանատուները տակավին չեն կանգնել արդարադատության առջեւ: Ոճիրը հետաքննող միջազգային ատյանների ճնշման ներքո ձեւավորված Փաստահավաք խմբի աշխատանքների դադարեցումը հստակ ցույց տվեց մարդասպաններին բացահայտելու` իշխանության քաղաքական կամքի բացակայությունը: Իսկ վերջերս կառավարության կողմից Ազգային ժողով բերված օրենքի նախագծով նման դեպքերում բանակի հակասահմանադրական ներգրավումն օրինականացնող փաստաթուղթը ակնհայտ է դարձնում հետագայում եւս հակապետական այսօրինակ գործողությունները կրկնելու` իշխող կոալիցիայի անսքող մտադրությունը:

«Ժառանգությունը» սգում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ միասին` հայտարարելով, որ մինչեւ վերջ պահանջելու է հանցագործության բացահայտումը եւ հետամուտ է լինելու, որպեսզի խնդրի արդարացի հանգուցալուծումը դառնա նոր իշխանության առաջնահերթություններից մեկը: «Մարտի 1» իրագործած եւ մինչ օրս մարդասպաններին պարտակող իշխանություններին ժողովուրդը պետք է հեռացնի: Սա է օրվա պատվիրանն ու հրամայականը»:

«Ժառանգություն» կուսակցություն

1 մարտի 2012թ.

Երեւան

© Medialab.am