Մրցույթ լրագրողների համար

Մրցույթ լրագրողների համար
Մրցույթ լրագրողների համար

Հայկական մամուլում բազմակողմանի և փաստարկված լրագրության կայացումը խրախուսելու նպատակով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի «Հեռանկար» ծրագիրը հայտարարել է հրապարակախոսական-քննադատական, վերլուծական հոդվածների մրցույթ:

«Հեռանկարի» տեղեկատվության համաձայն` հոդվածները կարող են վերաբերել հանրային կյանքի բոլոր ոլորտներին` քաղաքականություն, տնտեսություն, հասարակություն, արտաքին քաղաքականություն, մշակույթ, սպորտ և այլն:

Ծրագրի համակարգող Էլինար Վարդանյանի հավաստմամբ` Հայաստանում մամուլը չունի այն դերակատարումը, ինչ զարգացած երկրներում:

«Դա գալիս է առաջին հերթին ժողովրդավարության պակասից, իհարկե, բայց որոշակի դեր ունի այդտեղ նաև պրոֆեսիոնալիզմի պակասը, որ հաճախ կարելի է արձանագրել մեր լրատվամիջոցների մոտ: Փաստերի վրա հիմնված լրագրողական նյութերի փոխարեն մենք հաճախ ստիպված ենք ընթերցել տարրական էթիկայի կանոններից հեռու, բամբասանք հիշեցնող հոդվածներ, որոնք միայն վարկաբեկում են լրագրողների աշխատանքը ու չեն ծառայում լրագրողների հանդեպ հարգանքի խորացմանը»,- ասում է Վարդանյանը:

Նա նշում է, որ «Հեռանկար» ծրագիրը կարևորում է հատկապես վերլուծական և հրապարակախոսական ժանրում փոխադարձ հարգանքի ու բարոյական նորմերի պահպանումը, քանի որ հենց այստեղ են առավել հաճախ հանդիպում նման դրսևորումներ:

Հայտ կարող են ներկայացնել հոդվածների հեղինակները և խմբագիրները:

Հոդվածները պետք է տպագրված (կամ ինտերնետային կայքերում զետեղված) լինեն 2010 թ. հունվարի 1-ից մինչև 2010 թ. դեկտեմբերի 4-ը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը, որն ընդունվում է [email protected] հասցեով, դեկտեմբերի 5-ն է:

«Այս մրցույթը նպատակ ունի խրախուսելու առավել պրոֆեսիոնալ ու փաստարկված հոդվածների հրապարակումը, ինչի արդյունքում կշահեն առաջին հերթին հենց լրատվամիջոցները»,- ասում է Էլինար Վարդանյանը:

Մրցութային հանձնաժողովը կազմված է լինելու լրագրողներից: Հաղթողները կստանան դրամական պարգևներ և հավաստագիր:

© Medialab.am