Հայաստանը Փաշինյանի գլխավորությամբ հրաժարվում է մեր իրավունքներից, որը բերելու է է՛լ ավելի մեծ ու աղետաբեր պատերազմի. Հայկ Սահակյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, բրյուսելյան բանակցությունը ի՞նչ տվեց Հայաստանին, ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը։

– Պատերազմից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ փաստացի Արցախը բաժանվեց ռուսական ու ադրբեջանական մասերի, բայց իրավունքները մնացին հայկական: Դրանից առաջ տարածքն ամբողջությամբ հայկական էր, բայց իրավունքները Ադրբեջանինն էին, հիմա այդ գործընթացում Ադրբեջանը ցանկանում է այնպես անել, որ Հայաստանը պարբերաբար հրաժարվի Արցախի նկատմամբ իր իրավունքներից, իր ազգային, պետական շահերից հրաժարվի, որպեսզի Ադրբեջանը իրավունք ստանա Արցախի մնացած մասն էլ յուրացնել։ 

Հիմա մենք այդ գործընթացին ենք ականատես․ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար, ինչ-որ դրվագներով, խաղաղության անվան տակ հրաժարվում է մեր իրավունքներից, այս ամենն անում են իբր պատերազմից խուսափելու համար, բայց դա տանում է ուղիղ դեպի պատերազմ։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հիմա հրաժարվում է մեր իրավունքներից, որը բերելու է է՛լ ավելի մեծ ու աղետաբեր պատերազմի։ 

Պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դու ագրեսոր կողմին տալիս ես դրա իրավունքը, հիմա եթե մենք հրաժարվում ենք մեր իրավունքներից ու չենք ասում, որ սա մերն է, դրա համար վիճարկել է պետք, բնական է, որ Ադրբեջանը այն ամենը, ինչ գրավել է, ստիպելու է, որ ասենք՝ իրենն է։ 

Ասում են՝ պայմանավորվել են, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը 29.800 քառակուսի կիլոմետր է, բայց այդ 29.800-ի մեջ ադրբեջանական զորքեր կան, չէ՞, Ջերմուկում, Սյունիքում, Վարդենիսում։

– Այսինքն՝ չե՞ք ընդունում այն դիտարկումները, որ Հայաստանը հիմա այն վիճակում չէ, որ կարողանա ավելի կոշտ դիրքորոշմամբ հանդես գալ, որ գոնե Արցախի հարցում չունի միջազգային հանրության աջակցությունը։

– Ո՞վ է ասում, որ միջազգային հանրության աջակցությունը չունի, Փաշինյանն է ասում կամ Ժիրայր Լիպարիտյանը։ Այդ ո՞նց է, որ նույն միջազգային հանրությունը Ուկրաինայի պատերազմի պարագայում այլ դիրքորոշում ունի: Պետք է աշխատել միջազգային հանրության հետ, պետությունը արտաքին քաղաքականություն պետք է վարի ու ստեղծի իր համար նպաստավոր պայմաններ։ Չպետք է մեր չարածները բարդել միջազգային հանրության վրա։

– Իսկ ինչու՞ չի արվում դա՝ ըստ ձեզ։

– Ինձ էլ է այդ հարցի պատասխանը հետաքրքրում. ինչո՞ւ 30 տարի չենք արել։ Այն ժամանակ ասում էինք, որ Ռուսաստանի շահերն են սպասարկում, հիմա էլ նույն կերպ է շարունակվում, ստացվում է, որ սրանք էլ են Ռուսաստանի շահերը սպասարկում։ Եթե դու չես առաջնորդվում քո պետական շահով, անում ես այնպես, որ Ռուսաստանը գոհ մնա, բնականաբար, լինելու է այսպես։ Մենք գործնական քայլեր չենք անում, փոխարենը սպասում ենք, թե ինչ կասեն ուրիշները։

– Պարո՛ն Սահակյան, այս իրավիճակում ի՞նչ սպասենք։

– Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շատ արդյունավետ է աշխատում ոչ միայն մեր դաշնակիցների, այլև մեր հակառակորդների հետ ու ստեղծում է իր համար նպաստավոր պայմաններ: Օրինակ՝ տեսան, որ հիմա ԱՄՆ-ն Իրանի հետ լարված հարաբերություններ ունի, շատ հանգիստ առաջարկեց հակաիրանական դաշինքի մաս կազմել։ 

Մարդն անում է քայլ ու դրա դիմաց ստանում է արդյունք, հիմա իր նկատմամբ ուրիշ են, ոչ մի պատժամիջոց չեն կիրառում Ալիևի դեմ, որովհետև Ադրբեջանը կարևոր երկիր է իրենց համար, այսինքն՝ տարածաշրջանում գործոն է դառնում, հիմա մենք ոչինչ չենք անում, բացարձակ ոչինչ չենք անում, բացի դժգոհելուց ու լացելուց։ 

– Ճշտող հարց. ասացիք, որ սա ուղիղ ճանապարհ է մեծ ու ավելի աղետալի պատերազմի, իսկ այդ պատերազմը ո՞վ է սանձազերծելու։

– Երբ դու քո իրավունքները զիջում ես, դիմացինը իրավունք է ստանում այդ տարածքներն ուժով գրավելու։ Երբ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը ֆոսֆորային զենք էր կիրառում, խաղաղ բնակչությանն էր կոտորում և այլն, միջազգային հանրությունը որևէ բան չէր ասում, որովհետև կարծում էին, որ այդ մարդն իրավունք ունի ուժով նվաճելու այն, ինչ իրենն է, իսկ այդ իրավունքը մենք էինք տվել։ 

Ալիևը դասական կանոններով քաղաքականություն է վարում ու հասնում իր առջև դրված նպատակներին։ 1994-ին որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ 2020 թվականին  Ադրբեջանը Հայաստանին այս օրին էր հասցնելու, բայց մարդիկ նպատակ դրեցին ու հասան դրան։ 

Հիմա ի՛նչն է խանգարում մեզ, անգամ պարտությունից հետո, նպատակ դնել ու շարժվել այդ ուղղությամբ: Ոչինչ չի խանգարում, խնդիրը մեր մեջ է, միջազգային հանրությունը կապ չունի, Ադրբեջանը կապ չունի, Ռուսաստանը կապ չունի, ոչ մեկը կապ չունի։

– Ելքը ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակից։

– Ելքը սեփական ուժերի վերականգնումն է․ Հայաստանը համապարփակ անվտանգության համակարգ պետք է ստեղծի, ուժեղանա ու պատրաստ լինի կռվի, այն սուբյեկտը, որը պատրաստ է կռվի, իր մոտ խաղաղություն է լինելու։ 

Պետք է աշխատել գործընկերների հետ, ոչ թե մի օր ասես՝ ՀԱՊԿ-ը լավը չէ, բայց մայիսի 9-ին գնաս, կանգնես  միջազգային հանցագործի կողքին։ Հիմա դու կա՛մ այստեղ ես, կա՛մ այնտեղ, կողմնորոշվել է պետք։ Դաշնակիցները մեզ նայում են ու ոչինչ չեն հասկանում։ 

Պետք է խաղի կանոնները փոխել, այդ նոյեմբերի 9-ի թղթի կտորն առ ոչինչ ճանաչել, որովհետև դրա միակ կետը, որ կատարվել է, այն է, որ Հայաստանն իր զորքերը դուրս է բերել բոլոր տարածքներից, որտեղ ինքը գտնվում էր, մնացած ոչ մի կետ չի կատարվել։ Իսկ եթե դու մնում ես այդ խաղի շրջանակներում՝ պարզ է, որ կպարտվես։ 

Մենք հենց հիմա գնում ենք ուղիղ կործանման, Նիկոլ Փաշինյանը՝ իր ՔՊ-ով, Հայաստանն ուղիղ ճանապարհով տանում է դեպի ընդհանուր պետություն, մենք դառնալու ենք Ռուսաստանի մաս։ 

Սա է ռուսական պլանը, ձեր մեջ հարց չի՞ առաջանում, թե ինչո՛ւ Փաշինյանը մայիսի 9-ին կանգնեց Պուտինի կողքին, իսկ Ալիևը չգնաց: Դա հստակ քաղաքական ակտ էր, բա հիմա Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ինչու պետք է մեզ դաշնակցի աչքով նայեն, ինչո՞ւ մեզ պետք է օգնեն, երբ իրենք պայքարում են Պուտինի դեմ, իսկ մենք նրա կողքին ենք կանգնած զորահանդեսի ժամանակ։ 

Հիմա Զելենսկին էլ է, չէ՞, Եվրոպայում, Փաշինյանն էլ։ Փաշինյանը գնում, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Զելենսկին մի քանի ժամում 300 միլիարդ դոլարի զենք ստացավ։ Բա քաղաքականությունը այդպես է լինում, երբ ունես հստակ կողմնորոշում։ Այս ճանապարհը տանում է ուղիղ Հայաստանի սուվերենության վերացման, որն ունենալու է դառը հետևանքներ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am