«Ի տարբերություն Հայաստանի ղեկավարի՝ Ադրբեջանի ղեկավարը շատ հստակ պատկերացում ունի «խաղաղության» մասին». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

Տիկի՛ն Հայրապետյան, երեկ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մամուլի ասուլիս էին հրավիրել: Որո՞նք էին Փաշինյանի ու Ալիևի հիմնական ասելիքները:

– Ի տարբերություն Հայաստանի ղեկավարի՝ Ադրբեջանի ղեկավարը շատ հստակ պատկերացում ունի «խաղաղության» մասին: Որքան էլ ադրբեջանական գիծը ծավալապաշտական է, այնուամենայնիվ, գոյություն ունի ու շարունակաբար ներկայացվում է բոլորի կողմից, ու այնպես չէ, որ այնտեղ հնչում են հակասական հայտարարություններ, իրենք ունեն իրենց ծավալապաշտական տեսլականը ու ներկայացնում են այն:

Իսկ Հայաստանն առհասարակ չունի տեսլական. Նիկոլ Փաշինյանը չունի գիծ, իրավիճակին համապատասխան լուծումներ չունի, ու դա շատ վտանգավոր է: Իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, օրինակ՝ միութենական պետությանն անդամակցելու թեմային, ինչպե՞ս կարելի է նման ավանտյուրայի գնալ:

Դեռ այն ժամանակ, երբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ հայտարարությունն արեց, ես ասացի, որ դա ակնհայտ ավանտյուրա է, որովհետև տրամաբանորեն Ռուսաստանին էլ ձեռնտու չէ այդ իրավիճակը, որ Հայաստանը ևս հայտնվի պատժամիջոցների տակ, ու երեկ փաստացի Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտոնապես նման առաջարկ չի եղել:

Չի կարող պետության ղեկավար կազմը հայտարարություն անել՝ հենվելով այլ պետության փորձագետների հայտարարությունների վրա, ինչպես ասում է Փաշինյանը: Դա անլրջության գագաթնակետն է: Նույն ՀԱՊԿ-ի հետ կապված, ես հասկանում եմ, որ կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված ՀԱՊԿ-ի ոչ հստակ դիրքորոշման հետ, բայց ես չեմ հասկանում, երբ երկիրը նման բարդ իրավիճակում է ու կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ, մենք հրաժարվում ենք առաջարկվող օգնությունից, սրանից արդյոք շահո՞ւմ է պետությունը:

Երբեմն «սկզբունքայնություն» կոչվածը Նիկոլ Փաշինյանը դրսևորում է այնտեղ, որտեղ Հայաստանը չունի դրա կարիքը ու հակառակը: ԼՂ խնդրի մասով, թեև Փաշինյանը ժխտում է լրագրողների այն միտքը, որ ինքը հրաժարվել է իրենց նախընտրական ծրագրում եղած խոստումներից, բայց փաստացի իրենք հրաժարվել են դրանից ու էլի չեն պատկերացնում՝ ինչ ուղղությամբ են աշխատում:

Եթե առավոտից երեկո համոզում են, որ միջազգային հանրությունը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, ու իրենք ոչինչ չեն կարող անել, ապա ի՞նչ են առաջարկում: Իսկ Ալիևը խոստովանեց՝ ինչ է իրականում կատարվում Արցախում. շատ բառացի ու հստակ ասաց, որ «ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի, կոպիտ ասած՝ միակողմանի բաց է, և մենք չենք խանգարի նրանց դուրս գալ այնտեղից, ճանապարհը բաց է իրենց հեռացման համար, իսկ նրանք, որոնք կուզեն մնալ, կփորձենք նրանց համար ապրելու պայմաններ ստեղծել»: Այսինքն՝ խոստովանեց, որ այդ ակցիան ընդհանրապես բնապահպանական չէ, որ այն ղեկավարվում է հենց իր կողմից, ու ինքն է որոշելու՝ որքան կշարունակվի այդ ակցիան:

– «Զանգեզուրի միջանցքի» մասով և՞ս Ալիևը շարունակում է մնալ իր կարծիքին, կարծեմ դրան ևս անդրադարձել է ասուլիսի ժամանակ:

– Հայտարարությունը, որ «Հայաստանն ուզի թե չէ՝ միջանցքը բացվելու է», Ալիևն արել էր դեռ անցած տարվա վերջին, երեկ էլ կրկնեց դա, բայց արդեն ավելի բացեց խաղաքարտերը՝ նպատակների հետ կապված:

Գլխավոր խնդիրներից մեկը Եվրոպայի հետ այդ գազային պայմանագրերն են, պարտավորությունները, որոնք ինքը ստանձնել է, բայց չի կարող բավարարել դրանք՝ առանց այլ աղբյուրների: Այսինքն՝ Ադրբեջանի գազային պաշարները բավարար չեն այդ պահանջները բավարարելու համար, ու դրա համար իրեն անհրաժեշտ է, օրինակ՝ թուրքմենական գազը, ու այդ ամբողջ հանգուցային հատվածները, հնարավոր գազատարները նաև այդ ճանապարհով են անցնում, դրա համար Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ դա ռազմավարական նշանակություն ունի իրենց համար:

Կարճ ասած՝ չեն ուզում, որ որևէ բան լինի Հայաստանի վերահսկողության տակ, որովհետև հասկանալի է, որ մենք էլ ենք դրանից շահելու: Նրա ամբողջ տրամաբանությունը սա էր, ու այս հարցի վերաբերյալ գալու է կրկին Իրանի գործոնը, որին երեկ չանդրադարձավ Ալիևը, միայն խոսեց այն իրանցիների մասին, որոնք իբրև գաղտնի կերպով մտնում են Արցախ:

– Արցախի մասով պարզ է Ալիևի դիրքորոշումը, իսկ Հայաստանի՞ց ինչ պահանջներ ունի, որոնց կատարման դեպքում կհամաձայնի ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը:

– Իրենք չեն արձագանքել այն կետերին, որ առաջարկել է Հայաստանը: Տարօրինակ է, որ այդ կետերն Ադրբեջանում ընդհանրապես դիսկուրսի մաս չեն դառնում, ինչը խնդրահարույց է, որովհետև եթե ադրբեջանական մեդիան ուսումնասիրենք՝ կնկատենք, որ տարբեր թեմաներ դառնում են դիսկուրսի մաս, օրինակ՝ օդային միջանցքի տրամադրումը, բլոկադայի թեման:

Խաղաղության պայմանագրի հայկական տեսլականը առհասարակ չի քննարկվում, որովհետև դա ըստ էության չկա, նույնիսկ մեր դաշտում դա չկա, մենք չգիտենք, թե Հայաստանն ինչ խաղաղություն է առաջարկում Ադրբեջանին: Եվ այդ ամբողջ պատրանքը, որ ստեղծում են, թե իրենք ազնիվ են բանակցում, չեն խաբում, իսկ նախկիններն ազնիվ չէին, կեղծ է, որովհետև իրենք ընդհանրապես ոչինչ չեն ասում, շարունակ իրար հակասող բաներ են ասում:

Ադրբեջանի նախագահի խոսքից դատելով՝ իրենք չեն պատրաստվում որևէ առաջարկ ընդունել, իրենք բացառապես իրենց պայմաններով են առաջ շարժվելու, նշեց նաև, որ «Հայաստանին շատ քիչ ժամանակ է մնացել մտածելու, իսկ եթե չկնքվի պայմանագիրը, ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»:

– Բացի «Զանգեզուրի միջանցքից», էլ ի՞նչ պահանջներ ունեն Հայաստանից:

– Արտգործնախարարի մակարդակով արդեն հայտարարել են, ու բացի դրանից՝ անցած տարվանից շրջանառության մեջ են դրել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեզը, որը փաստացի Հայաստանի ամբողջ ներկայիս տարածքն է: Այս թեման երեկ էլ ասուլիսում արծարծվեց, ու սա դեռ շատ երկար շարունակություն է ունենալու:

– Ալիևի ասած «ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»-ն արդյոք ռազմական նոր սադրանքի մասի՞ն է վկայում, նոր պատերազմը հավանակա՞ն եք համարում, տիկի՛ն Հայրապետյան:

– Ցավոք սրտի, չեմ կարող բացառել, որովհետև իրավիճակն իսկապես փակուղային է, փաստացի երեկ Ալիևն էլ ասաց, որ եվրոպական ձևաչափը չի գործում՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա, իբրև գործում է ռուսական կամ ամերիկյան ձևաչափը:

Ռուսական ձևաչափի մասով էլ, հիշում ենք, որ անցյալ տարի արտգործնախարարը չմեկնեց Մոսկվա, դրանից հետո չեմ նկատել, որ Լավրով-Միրզոյան ինչ-որ զրույց կայանա: Ամերիկյան ձևաչափի հետ էլ կապված չկա հստակություն, որովհետև իրենք որպես այդ գործընթացում միջնորդ շատ ավելի պասիվ են հանդես գալիս:

– Ամփոփելով երկու ասուլիսն էլ՝ ձեր տպավորությամբ, ասելիքը ներքին լսարանին ու նաև արտաքին գործընկերներին ո՞րն էր:

– Ալիևի մասով այն էր, որ իրենք շարունակում են զինվել, պատրաստվել ու նորանոր խնդիրներ են իրենց առաջ դնում: Ըստ էության, նաև արտաքին լսարանին ցույց տվեց, որ իրենք փորձում են դառնալ այդ էներգետիկ հաբը, ամբողջը բերել, կենտրոնացնել Ադրբեջանում և դրա համար իրենց աջակցության կարիքն ունեն, որ այս խնդիրներն արագ լուծվեն հօգուտ իրենց:

Փաշինյանի մասով՝ կարծում եմ, նրա ուղերձը հասարակությանը հետևյալն էր, որ ըստ էության ինքը գիտակցում է, թե որքան սխալներ է գործել, հասկանում է, որ չունեն լուծումներ, ընդունում է, որ իր Անվտանգության խորհրդի քարտուղարը մանիպուլացնում է իրավիճակը, բայց ինքը կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը:

Ըստ էության Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ինչ-որ ուղերձներ էին փորձում հղել, ավելի շատ նկատվում էր զգուշավոր շանտաժի էլեմենտ: Եվրոպական կողմին էլ, հավանաբար, ուզում էին ասել, որ աջակցություն տրամադրեք, որ կարողանանք ՀԱՊԿ-ի ինչ-որ առաջարկներից հրաժարվել: Բայց անհասկանալի է, թե այդ զորավարժությունից ինչո՞ւ են հրաժարվում, փոխարենն ի՞նչ, պատասխան չկա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am