Միութենական պետությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ չի եղել. Նիկոլ Փաշինյան

Հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանի Ռուսաստանի հետ Միութենական պետությանն միանալու հարցին պատասխանել է, որ Հայաստանին այս մասով պաշտոնական առաջարկ չի եղել:

«Եթե նկատի ունեք որևէ պաշտոնական առաջարկ, որևէ պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք ոչ այնքան հարցի տեքստը, որքան ենթատեքստը, և մենք պետք է դիտարկենք գլոբալ պրոցեսները։ Ես այլ բան կարող եմ ասել՝ մեզ համար ընդհանուր առմամբ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են»,- նշել է Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ոչ պաշտոնական խողովակներով Միութենական պետությանն անդամակցելու մասով ճնշումներ եղել են, վարչապետը պատասխանել է.

«Նայած թե ինչ նկատի ունենք ոչ պաշտոնական խողովակ ասելով։ Փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ համարել: Այդ թվում դրանք է նկատի ունեցել»:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Հայաստանի հանդեպ ճնշումներ կան՝ Միութենական պետությանն անդամակցելու հարցով:

«Միութենական պետության հետ կապված, բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս: Եվ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը երբ որ դիմադրում է դրան, ապա ստանում է այլ տեսակի ճնշումներ՝ ռազմական տեսքով»,- ասել էր ԱԽ քարտուղարը։

Ավելի ուշ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել էր Արմեն Գրիգորյանի հայտարարություններին՝ որակելով դրանով որպես սադրիչ

«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- նշել էր Պեսկովը: