Գիշերը Մոնակոյում անհայտ անձը գործի է դրել ինքնաշեն պայթուցիկ սարք։ Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հետ սահմանին գտնվող Հայր Լուի Ֆրոլիայի փողոցում, հայտնում է BFMTV-ն։
Հանրային անվտանգության վարչության նախնական տվյալներով՝ տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է անհայտ անձը դեպքի վայրում թողել ուսապարկ, որը պայթել է այն պահին, երբ մարդկանց մի խումբ մոտեցել է դրան։
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով վիրավորվել է երեք մարդ, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Le Figaro-ի տեղեկություններով՝ տուժածները ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևն են, նրա կինը և երեխան։ Երմոլաևը «Ալեֆ» կորպորացիայի հիմնադիրն է և Դնեպրի խոշորագույն կառուցապատողներից մեկը։
2021 թվականին Forbes Ukraine-ը Վադիմ Երմոլաևին ընդգրկել էր Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում՝ գնահատելով նրա կարողությունը 220 միլիոն դոլար։
Միաժամանակ Մոնակոյի պետական նախարարը BFMTV-ին հայտնել է, որ նախապես հաղորդված երեք տուժածներից բացի, հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս մարդ։
Մոնակոյի իշխանությունները միջադեպը որակել են ահաբեկչություն՝ նշելով, որ այն երկրի պատմության մեջ նման առաջին դեպքն է։ Ֆրանսիայի Նիս քաղաքի քաղաքապետ Էրիկ Չիոտին նույնպես պայթյունն անվանել է ահաբեկչական հարձակում։



















