Ուկրաինայի նախարարները կառավարության նիստին են եկել ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկներով.Ազատություն

Ուկրաինայի նախարարներն այսօր կառավարության նիստին մասնակցել են ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկներով` նման կերպ նշելով հավաքականի հաջողությունը, որը, հաղթելով Շվեդիայի հավաքանին, մտավ քառորդ եզրափակիչ։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կառավարության նիստը սկսել է շնորհավորելով հավաքականի խաղացողներին և մարզիչներին մեծ հաջողության համար։

Երեկ երեկոյան ավարտվեցին 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները։ Անգլիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Գերմանիային, Ուկրաինան՝ 2։1 հաշվով Շվեդիայի հավաքականին։

Ֆուտբոլային պատմության ընթացքում խոշոր մրցաշարերի եզափակիչ փուլերում սա Անգլիայի երկրորդ հաղթանակն էր Գերմանիայի հավաքականի նկատմամբ։

Առաջինը տեղի է ունեցել 1966 թվականին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում, որն անցկացել է Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում։ Եվրոպայի ֆուտբոլի այս առաջնությունը ևս անցկացվելու է այդ մարզադաշտում։

Քառորդ եզրափակիչում ուրբաթ օրը տեղի են ունենալու Իսպանիա-Շվեյցարիա և Բելգիա-Իտալիա, իսկ շաբաթ օրը Չեխիա-Դանիա և Ուկրաինա-Անգլիա խաղերը։

Այս մասին հայտնում է Ազատությունը: