Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը հանցագործություն է։ Այդ մասին այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը որևէ հայտարարություն չի արել քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտ խոցելու մասին։ Ավելին, ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը բազմիցս է հայտարարել, որ որևէ տուն չի թիրախավորվում Հայկական Զինված ուժերի կողմից։
«Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագիտական ներկայացուցիչները այս հարցը բարձրացնում են համապատասխան կազմակերպություններում, մարմիններում, որովհետև սա շատ կոնկրետ հանցագործություն է։ Իմ կողմից կարող եմ միայն ավելացնել, որ նման հայտարարություն անողը և իր վերադասը պիտի ենթարկվեն հոգեբանական թեստի», – հավելեց Հովհաննիսյանը։