ՀԲ-ն 1 տարով չեղարկում է ՀՀ վարկերի հավելյալ տարեկան տոկոսադրույքը

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացում է սպասվում աշխարհի բոլոր երկրներում։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները:

Այս համատեքստում Համաշխարհային բանկը տեղեկացրել էր Զարգացման միջազգային ընկերակցության (ԶՄԸ) կողմից Հայաստանին տրամադրված վարկերից շատերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկելու հնարավորության վերաբերյալ:

Ընձեռված հնարավորությունից օգտվելու նպատակով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնական խնդրանքով 2020 թվականի մայիսի 7-ին դիմել էր Համաշխարհային բանկին: 

2020 թվականի հունիսի 4-ի գրությամբ Համաշխարհային բանկը տեղեկացրել է, որ հայկական կողմի խնդրանքը բավարարվել է, և հիշյալ հավելյալ տոկոսադրույքը չի կիրառվելու Համաշխարհային բանկի 2021 ֆինանսական տարվա (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը) ընթացքում:   

Համաշխարհային բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար: 2020թ. մայիսի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքի մնացորդը Զարգացման միջազգային ընկերակցության վարկերի գծով կազմել է 981 մլն ԱՄՆ դոլար (կառավարության պարտքի 14%-ը), որից հավելյալ տոկոսադրույքի կիրառվում է 763 մլն ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։