«Երեխաների մուտքն Արցախ թույլատրվել է ռուսների կողմից, իրենք էլ պատասխանատու են կատարվածի համար». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, ո՞վ է մեղավոր ու պատասխանատու ադրբեջանցիների այն պահվածքի համար, որը ցուցաբերել են Արցախ վերադարձող երեխաների խմբի նկատմամբ։

– Սա նմանատիպ հերթական դեպքն էր։ Սա ակնհայտորեն կազմակերպված, ուղղորդված, ռուսական կողմի թույլտվությամբ արված գործողություն է, որն ունի մեկ նպատակ՝ ահաբեկել մարդկանց։ Հաշվի առնելով ադրբեջանական մյուս բոլոր գործողությունները՝ կարող ենք փաստել, որ Արցախը որևէ պարագայում, որևէ կերպ չի կարող Ադրբեջանի կազմում լինել, որովհետև նման վերաբերմունք անընդհատ լինելու է հայերի նկատմամբ, սա պետական քաղաքականություն է։ 

Այսպիսի նվերներ, որ անում է Ադրբեջանը մեզ, չէինք կարող անգամ մեր գործողությունների արդյունքում ստանալ, շատ եմ ցավում, որ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում այս բոլորը՝ ցույց տալու, թե ինչո՛ւ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել։

– Կոնկրետ դեպքի մասով պատասխանատուն ո՞վ է։

– Ռուսական կողմը, որովհետև անվտանգությունն ապահովում են իրենք, ու երեխաների մուտքն Արցախ թույլատրվել է բացառապես նրանց կողմից, հետևաբար իրենք էլ պատասխանատու են։

– Իսկ ընդհանուր վիճակի, որում այսօր հայտնվել է Արցախը, պատասխանատուն ո՞վ է։

– Հիմնական պատասխանատուն ուղիղ իմաստով, բնականաբար, ռուսական կողմն է, որովհետև ինքն է ստանձնել պատասխանատվություն միանձնյա լինել այնտեղ։ Անուղղակի պատասխանատուներն են Արցախի ու Հայաստանի իշխանությունները, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի Արցախում չհայտնվեն միջազգային խաղաղարար ուժեր։ 

– Այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանի, նաև Արցախի իշխանությունները բավարար քայլեր արե՞լ են, որ Լաչինի միջանցքը բացվի։

– Անկեղծ ասած, ես համարում եմ, որ միջանցքի փակումը բացառիկ նվեր էր, որն արեց Ալիևը Հայաստանին ու Արցախին՝ Արցախի հարցը նորից բարձրաձայնելու համար։ Ադրբեջանական ագրեսիվ գործողություններն առանձին-առանձին գուցե այդքան էլ էֆեկտիվ արդյունք չտային մեզ համար, բայց համակցության մեջ սրանք մեզ աննախադեպ հնարավորություն են տալիս նորից ու նորից խոսել, հիմնավոր խոսել, որ մենք պետք է կարողանանք լուծել Արցախի խնդիրը լրիվ ուրիշ ուղղության վրա, ոչ թե Ադրբեջանի կազմում։

– Տիկի՛ն Կարապետյանց, ձեր ասած բացառիկ այդ հնարավորությունից օգտվո՞ւմ են։

– Կարծում եմ՝ ոչ։ Համենայնդեպս, շրջանառվող զրույցները հուշում են, որ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում այն շանսը, որը տրվել է Ալիևի կողմից։ 

– Չի օգտագործվում միտումնավոր՞ր, թե՞ անկարող են օգտագործել եղած հնարավորությունները։

– Կդժվարանամ ասել։ Եթե չեն կարողանում օգտագործել, նշանակում է՝ ապաշնորհ են, եթե դիտավորություն կա՝ տոտալ դավաճանական, թշնամական գործողություններ են անում Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Երկու պարագայում էլ, սակայն, իրենք մերժելի են որպես իշխանություն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, որովհետև ձեռքիդ միաժամանակ ունենաս այսքան հզոր խաղաքարտեր ու դրանք որևէ կերպ չօգտագործես, ուրեմն պետք է հեռանաս։

– Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ «մենք այսօր աշխարհում միայնակ ենք»։ Համակարծի՞ք եք, եթե անգամ միայնակ ենք, դա ինչի՞ հետևանք է։

– Ապաշնորհության։ Անգամ աֆրիկյան երկրների բռնապետներն ունեն գործընկերներ, ու եթե ժողովրդավարության բաստիոն կոչվող Հայաստանի իշխանությունն ասում է, որ չունի ընկերներ, նշանակում է, որ չեն էլ փորձել փնտրել, չեն էլ փորձել կապեր հաստատել, ընդհակառակը՝ բոլոր մեկնած ձեռքերը մերժել են։ Այնքան առաջարկ, ինչքան Հայաստանը ստացավ 2020 թվականի պատերազմից հետո, երբեք չի ստացել։ Անգամ 90-ականներին, երբ շատերը մեղադրում են Տեր-Պետրոսյանին, թե ինչու ընտրեց ռուսական կողմին, այդ ժամանակ Հայաստանին ոչ ոք ոչինչ չի առաջարկել այն մասշտաբի, որքան առաջարկվել է Նիկոլ Փաշինյանին ու առաջարկվել է շատ առարկայական։ Այնպես որ, երբ Ալեն Սիմոնյանն ասում է, թե բարեկամներ չունեն, նվազագույնը ազնիվ չէ։

– Տիկի՛ն Կարապետյանց, այս ամենից ելքն ինչպե՞ս եք պատկերացնում։

– Իրականում իշխանությունը պետք է հեռանա, մենք ուրիշ տարբերակ չունենք, բայց նաև հասարակությունն էլ պետք է այնքան հասունանա, որ հասկանա, թե ո՛ւմ է բերում, որովհետև մենք մի անգամ մեկին մերժեցինք ու բերեցինք մեկ ուրիշին՝ զուտ բերելու համար՝ առանց հետևանքների մասին մտածելու, իսկ հետևանքն այն է, ինչ կա այսօր։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am