Ինչո՞ւ են աղմկում չափորոշիչները

Վահրամ Թոքմաջյան

Հայոց կրթական երկնակամարում շարունակվում է մտքերի տիտանական բախումը հանրակրթության պետական չափորոշիչների շուրջ:

Առանցքում են հատկապես հայտնվել հուզական ելևէջներ պարունակող պատմությունը և գրականությունը: Թերևս գիտեք, որ Հայաստանի բնակչության մեծ մասն առաջին մասնագիտությամբ քաղաքագետ է, վերջին շրջանում՝ երկրորդ կրթությամբ համաճարակաբան, պատմաբան և գրականագետ:

Թերևս մենք աշխարհում առաջին հորիզոնականում ենք մեկ քառակուսի կիլոմետրին բաժին ընկնող պատմաբանների ու գրականագետների թվով: Անշուշտ գովելի իրողություն է:

Մտքի մեծ կռինչով այս օրերին բոլորս դարձանք կրթության փորձագետներ: Ինչ խոսք, ժամանակակից աշխարհում շատ կարևոր է դրսևորել մասնագիտական փոփոխությունների ճկունություն:

Շատ կարևոր էին նաև միմյանց պիտակավորելը, վիրավորելը, «թուրք», «գործակալ» և այլ որակումներով բնութագրելը: Էլ ի՞նչ ազգային քննարկում առանց դրանց: Չի լինի: Եթե թուրքը չկա, ուրեմն ազգային խոսակցություն չի կարող լինել: Դարերով ապացուցված ճշմարտություն է: 

Իրականում այս խիստ կառուցողական քննարկումը բավականին բազմաշերտ է: Այստեղ շահերի բախում է՝ անձնական ու խմբային, սերունդների պայքար, մոտեցումների փիլիսոփայության անհամատեղելիություն: 

Նախարարությունը ևս հուզված է: Խիստ տոնով հայտարարում է, որ ի հեճուկս չուզողների, կրթության համակարգում ռեֆորմներ լինելու են: Ինչպիսի՜ էքսպրեսիա: Ինձ նույնիսկ թվում է, որ այդ ռեֆորմներին դեմ, նախկին կոռումպացված ու հետադեմ սուբյեկտը ես եմ: Ա՛յ այդպիսի էմոցիոնալ է նախարարությունը: 

Կրթության համակարգում ռեֆորմներ պետք են: Կրթության համակարգում հիմնարար ռեֆորմներ են պետք: Կրթության համակարգը հիմնովին բարեփոխման կարիք ունի: Սա ոչ ոք չի վիճարկել ու չի վիճարկելու: Այդ դեպքում որտեղի՞ց այսքան աղմուկ: 

Սերժ Սարգսյանն էլ էր շատ կառուցողական տրամադրված, երբ 2015 թ. կեղծում էր սահմանադրական հանրաքվեն: Նա նույնպես երազում էր մեր հայրենիքի լուսավոր ապագայի մասին: Այդ կեղծիքները նույնիսկ նրա կամքին դեմ տեղի ունեցան: Ավելին՝ նա չէր ուզում խորհրդարանական կառավարման համակարգ: Սեփական թիմն այդ որոշումը կայացրեց ի հեճուկս նրա:

Վերադառնանք «մեր ոչխարներին»: Բնականաբար, ես չեմ մտնելու առարկայական չափորոշիչների բովանդակության մեջ: Դրանք լեգիտիմ չեն: Իսկ ոչ լեգիտիմ իրողություններ քննարկելը նշանակում է լեգիտիմացնել մի գործընթաց, որն ի սկզբանե հակաիրավական է:

Ո՞ր կետերն են խնդրահարույց: Չափորոշիչների համար վարկային միջոցներ առկա էին դեռ նախորդ իշխանության օրոք:

Վարկն այնպիսի բան է, որ պետք է օգտագործես: Եթե չես օգտագործում, այնուամենայնիվ, տոկոսները վճարում ես: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է կոպեկ-կոպեկ հետ վերադարձնելու մասին:

Հասկանալի է, չէ՞, որ դա պետք է անեին համապատասխան գերատեսչությունները: Այս դեպքում, օրինակ՝ ԿԳՄՍ-ն պետք է հասկանար, թե ինչ է տեղի ունեցել նախորդ ծրագրերի հետ, նյութերն ուղարկեր իրավապահներին, իսկ նրանք էլ ընթացք տային գործին: Նախորդ 20 տարիների ընթացքում կրթության մեջ ներառվել են հսկայական միջոցներ՝ վարկերի, դրամաշնորհների, պետական հատկացումների տեսքով: Դրանց զգալի մասը լափվել է:

Իսկ քանի՞ կոպեկ է վերադարձվել բյուջե: Խոսքը լուսամուտի փող գողացած տնօրենների մասին չէ: Խոսքը լուրջ թվերի մասին է: Արդյոք կրթության ոլորտի քաղաքական պատասխանատուները կիսո՞ւմ են իրենց քաղաքական առաջնորդի հայտարարած դիրքորոշումը: Եթե կիսում են՝ ո՞ւր է արդյունքը: Չափորոշիչներին հատկացվող գումարները փոքր կաթիլն են այդ օվկիանոսի: Որևէ մեկը դրա համար դեռ պատասխան չի տվել:

Եկանք-հասանք 2019 թ., ու սկսվեց այս գործընթացը: Փորձագետների ընտրության թափանցիկ մրցույթ չի եղել: Ես սա կարող եմ հիմնավորել ցանկացած ատյանում: Եղել է հայեցողական, սուբյեկտիվ մոտեցում: Սա արդեն իսկ կասկածի տակ է դնում գործընթացի անաչառությունը:

Միջոցների ծախսման թափանցիկ հաշվետվողականություն՝ Համաշխարհային բանկի վարկի և ԵՄ 10 միլիոն եվրո դրամաշնորհի վերաբերյալ, առ այսօր չկա: Իսկ 2018 թ. մենք այլ բան էինք պայմանավորվել: Պայմանավորվել ենք միմյանց նկատմամբ լինել ազնիվ, թափանցիկ, հաշվետու: 

Բայց սրանք դեռ ծաղիկներն են: Գործընթացը զուրկ է իրավական հիմքերից: ՀՀ Կառավարության 2010 թ. 439-ն որոշումը հստակ սահմանում է. 

1) հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով. 

2) հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր. 

3) հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը: 

Պարզ լեզվով բացատրեմ: Չափորոշիչների առնչությամբ աշխատանքները սկսվել են անցյալ տարվա հուլիսից: Այսինքն՝ 2019 թ. հուլիս ամսին պետք է լիներ ԿԳՄՍ նախարարի հրամանը՝ հանձնաժողով ստեղծելու մասին:

Այդ հրամանից հետո նոր միայն կարող էին սկսվել չափորոշիչների ստեղծման կամ լրամշակման աշխատանքները: Հրաման չկա: Այսինքն՝ իրավական որևէ հիմք այդ փուլում չկա:

Աշխատանքները սկսվում են, նույնիսկ հոկտեմբեր ամսին քննարկումներ են տեղի ունենում չափորոշիչների սևագիր սևագրերի վերաբերյալ, գործընթացը շարունակվում է: Ստեղծվում են առարկայական խմբեր՝ ոչ թափանցիկ, անհասկանալի մրցույթի արդյունքում:

Նորից հրաման չկա:

Երբ արդեն բանը բանից անցել էր, այս տարի՝ 2020 թ. փետրվարի 26-ին, նախարարությունում ինչ-որ մեկի մոտ ուղեղի փայլատակում է տեղի ունենում: Հիշում են, որ հրաման չեն տվել:

Ու տալիս են Ա դասիչով հրաման: Սա էլ մի ուրիշ կինո է: Հասարակության շուրջ 1 միլիոն ներկայացուցիչներին առնչվող գործընթացի վերաբերյալ տալ Ա դասիչով հրաման: Ես նույնիսկ կարող եմ կասկածել, որ դա եղել է փետրվարին: Բայց արդեն էական չէ: Էական է, որ գործընթացը սկսվել է առանց իրավական հիմքի: Հետևաբար, այն պետք է կասեցնել:

Նախարարության հարգելի գործընկերնե՛ր, իմ դեմ պետք չէ չարանալ, բոլորս էլ սխալական ենք: Սա առաջին դեպքը չէ, երբ կառույցն աչքի է ընկնում հակաիրավական գործելաոճով: Իմ քննադատությունն ուղղված է միայն լավը դարձնելուն: Իրավական լինելու ազնիվ նպատակով: 

Սեփական սխալներն ընդունելը կրթության հիմնական հմայքներից է: Ամբարտավանությունը՝ կրթության թշնամին:

Էլ չեմ խոսում այն մասին, որ հայ կրթական միտքը ամուլ է դարձել: Չափորոշիչներում առկա են զգալի թվով անհասկանալի թարգմանություններ՝ առանց հղումների: Բայց ինչպես ասում են՝ այս մասին հաջորդ դասին:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am