Հարցեր իշխանությանը, որոնց պատասխանները չեն տրվում. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին օրերի աղմուկի, քաղաքական սպեկուլյացիաների ու շահարկումների ֆոնին այդպես էլ հանրությանը պարզ, հասկանալի ու համապարփակ ձևով չտրվեց իրեն հետաքրքրող, վերաբերող ու անհանգստացնող հարցերի պատասխանները, թե, այնուամենայնիվ.

1.Ո՞րն է եղել Ադրբեջանի զինված ուժերի հենց այդ հատվածում հարձակման իրական նպատակը:

2.Հարձակումը միտված է եղել դիրքային առավելության հասնելո՞ւն, թե՞ հիմքում եղել է ռազմաքաղաքական նպատակների իրագործումը՝ փորձելով ստիպել Հայաստանին գնալ հավելյալ զիջումների:

3.Արդյո՞ք նրանք հասել են իրենց առջև դրված խնդրի լուծմանը, թե՞ ոչ:

4.Նշված հարձակման հետևանքով արդյո՞ք Մ2 միջպետական ճանապարհը հայտնվել է թշնամու նշանառության տակ, թե՞ ոչ:

5.Կոնկրետ քանի՞ դիրք է հայտնվել թշնամու հսկողության ներքո:

6.Մարտական հենակետում գտնվող ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն ինչու՞ են թույլ տվել, որ ադրբեջանցիներն անարգել մոտենան իրեն դիրքերին և չեն կրակել:

7.Ո՞վ է տվել չկրակելու հրաման և ինչո՞ւ մինչև այս պահը նշված հրամանատարը կամ ավելի բարձրաստիճան պետն արգելանքի վերցված չէ:

8.Ի՞նչ հանգամանքներում են գերեվարվել 13 զինծառայողները, արդյո՞ք նրանք քնած են եղել, թե՞ իրականացրել են մարտական հերթապահություն կամ ներգրավված են եղել մարտական գործողություններին, թե՞ ոչ:

9.Ինչու՞ մինչև հիմա հանրությանը չի տրվում տեղեկություն անհայտ կորած 23 զինծառայողների վերաբերյալ: Ի՞նչ հանգամանքներում են նրանք կորցրել կապը հրամանատարության հետ:

10.Եթե Արշակի Կարապետյանի պաշտոնանկությունը կապված է սահմանի այդ հատվածում տիրող ամենաթողության հետ, որի հետևանքով ադրբեջանցիներն անարգել գրավել են երկու հայկական դիրք, ո՞ր տրամաբանությամբ է նրան շնորհակալություն հայտնվում, իսկ եթե պատճառն այդ չէ, ապա ու՞մ մեղքով է սահմանի այդ հատվածում ստեղծվել այդ վիճակը, և արդյո՞ք քննարկվում է իրավասու սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը:

11.Ե՞րբ պետք է զինված ուժերում հաստատվի կարգ ու կանոն և ե՞րբ պետք է ՛՛Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք՛՛ օրենքը կիրառվի ամբողջապես և բոլորի նկատմամբ:

12.Մինչև ե՞րբ պետք է զինծառայողների ծնողներն ու հարազատները սնունդ, տաք հագուստ, ներքնաշոր ու նասկի հասցնեն իրենց զավաներին:

13.Կոնկրետ ե՞րբ կկահավորվեն բոլոր մարտական դիրքերը և սահմանապահ զինծառայողների համար մարտական հենաետերում կոնկրետ ե՞րբ կստեղծվեն նվազագույն ու արժանապատիվ կեցության պայմաններ»: