Դատավարությունը ոչ մի հույս չի թողնում. չորս տարի անց Հրանտ Դինքի սպանությունը մնում է դեռևս չբացահայտված

Հեղինակ MediaLab

Լրացավ թուրքահայ մտավորական, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 4 տարին: Այս ընթացքում սպանության գործի լիարժեք բացահայտման հարցում որևէ լուրջ արդյունք չի գրանցվել:
«Դատավարությունը, իմ կարծիքով, ոչ մի հույս չի թողնում Թուրքիայում փոփոխությունների իմաստով: Եթե պետությունը և կառավարությունը ուզում են այս դատը հակիրճ կերպով ավարտել, հանգստացնել հանգուցյալի հոգին, պետք է այս դատը ամենաճիշտ կերպով ավարտեն»,- «Մեդիալաբին» ասում է «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջին:
Նրա խոսքով` այս դատը միայն Հրանտ Դինքի կամ հայ ժողովրդի դատը չէ, այլ ապագայի: Այս իմաստով, եթե դատը չհաջողվի, ապագայում Թուրքիայից «ոչինչ չենք կըրնա սպասել»:

Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ` 17-ամյա Օգյուն Սամասթի արձակած հրազենային կրակոցներից:

Մարդասպանը հեռանալուց գոչել էր` գյավո´ւր, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։

Թեև դատավարությունն առ այսօր շարունակվում է, սակայն այս չորս տարվա ընթացքում սպանության մասին գրեթե ոչ մի նոր բան չի բացահայտվել:

Պարբերաբար դատարանի առջև են կանգնում սպանության գլխավոր մեղադրյալները՝ Օգյուն Սամասթը, Յասին Հայալը, Էրհան Թունջելը։ Դատական նիստերը, սակայն, պարբերաբար հետաձգվում են: Իսկ նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Օգյուն Սամասթի դատավարությունը տեղափոխվել է անչափահասների գործերով դատարան:

Դինք ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը դատավարության չորրորդ տարին ամփոփող իր զեկույցում տեղի ունեցած իրադարձություններն անտեսողներին որակել է որպես «ոճիրը պաշտոնականացնելու և անպատիժ թողնելու հուժկու մեքենա»:

Դատավարության ընթացքից բողոքում է նաև «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջին: Նրա խոսքով`  թեև որոշ մարդիկ բանտարկվել են սպանության մեղադրանքով, այդուհանդերձ անկարելի է հասնել այն մարդկանց, որոնք հրամայել են սպանել «Ակօսի» խմբագրապետին:

«Տեսեք` Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամաստը ամեն դատին ինչպես է վարվում և խոսում Դինքի պաշտպանների և ընտանիքի հետ,- վրդովվում է Արիս Նալջին: – Այսպես մարդիկ կարծում են, որ հերոս են դարձել: Եվ այս երազը պետք է վերջացնենք մենք մեր ձայնով, ընդդիմությունով: Այս երազը նրանց համար պետք է մղձավանջ դառնա»:

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը նույնպես հետևում է դատավարության ընթացքին: Նրա կարծիքով` ակնհայտ է, որ Դինքի գործով դատավարությունը դոփում է տեղում, խուսանավում, յուրաքանչյուր հնարավոր միջոցով ձգձգում հարցի արդարացի լուծումը:

«Անցած 4 տարի, խոսուն ապացույցներ, խոստովանություններ, իսկ մեղավորներից և ոչ մեկը դեռ պատժված չէ: Ամեն դեպքում սա 3-4 տաքգլուխ երիտասարդների կազմակերպած սպանություն չէ, այս ամենի հետևում ավելի լուրջ ուժեր կան, միգուցե` ազգայնականները, միգուցե` Թուրքիայի գաղտնի ծառայությունները, ինչու ոչ` խորքային պետությունը»,- «Մեդիալաբին» ասում է Գևորգ Պետրոսյանը:

Այդուհանդերձ թուրքագետը կարծում է, որ արդար դատավարությունը մեծապես կապված է Թուրքիայի պետական շահերի հետ: Երբ ժամանակը գա, ու անհրաժեշտություն առաջանա, ապա կլինեն և´ պատիժ, և´ աղմկալից բացահայտումներ:

Ռազմավարական մշակումների կենտրոնի նախագահ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին, սակայն, այս հարցում անհանգստացնում է մեկ այլ իրողություն: Այն, որ Թուրքիայի հասարակության մի հատվածը, Դինքի սպանության համար դատապարտելով իշխանություններին և թուրք ազգայնականներին, նրա մահը, փաստորեն, հավասարեցրեցին 1915 թվականի Ցեղասպանության զոհ դարձած հայերի կոտորածին: Այսինքն` թուրք հասարակությունը չընկալեց իր իսկ հանցանքի շարունակական բնույթը, այլ փորձեց մի ոճիրը քողարկել մյուսով:

«Եթե նույնիսկ ոճրագործը մահապատժի արժանանա, միևնույն է, մենք չենք կարող խոսել արդար դատավարության մասին: Բանն այն է, որ ոճրագործ է ոչ թե Դինքին սպանած երիտասարդը, այլ ամբողջ թուրքական հասարակությունն ու պետությունը, որը մինչև այսօր շարունակում է ժխտողական քաղաքականությունը: Հրանտ Դինքը դարձել է հենց այդ քաղաքականության զոհ»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Չնայած այս երկար ձգձգվող բացահայտումներին` որոշ փորձագետներ ընդգծում են, որ Դինքի սպանությունը, որքան էլ զարմանալի չէ, մի դրական հետևանք ունեցավ: Այն ավելի ակտիվ և պայքարունակ դարձրեց Ստամբուլի հայ համայնքին:

«Թուրքիայի հայ համայնքը, այո´, կարող ենք ասել, ավելի պայքարող է դարձել, բայց դա էլ դեռ բավական չէ: Ավելին է պետք, եթե ուզում ենք հետագայում ավելի բարձր կերպով կարողանանք խոսել»,- ասում է «Ակոսի» խմբագիր Արիս Նալջին:

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի կարծիքով` խնդիրն այն է, որ Հրանտ Դինքը հենց նրա համար էլ սպանվեց, քանի որ պայքարող էր դարձել, թուրքական չափորոշիչներով` շատ համարձակ էր, բարձրաձայնող:

«Կարծում եմ` համայնքի կյանքում որոշ փոփոխություններ կան: Սկսել են բողոքի ձայն արտահայտող ստորագրահավաքներ կազմակերպվել, սակայն դա չպետք է անվերապահորեն կապել Դինքի սպանության հետ,- «Մեդիալաբին» ասում է Գևորգ Պետրոսյանը: – Ամեն դեպքում Դինքի սպանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ հայը Թուրքիայում չի կարող անվտանգ լինել»:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am