«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից սկսած մինչև Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարություն՝ ամեն մեկն իր տեղում ու դիրքում պետք է պատասխան տա». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարոն Նորիկյան, 44-օրյա պատերազմից երկու տարի անց ձերբակալվել և այսօր ազատ է արձակվել պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Արզումանյանը, որը մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ժամանակ պաշտոնեական անփութություն կատարելու համար: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փաստը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ տեղյակ չի եղել իր խորհրդականի ձերբակալության մասին: Որքանո՞վ է այս գործընթացը ճիշտ հունով ընթանում:

– Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որևէ անձի բերման ենթարկելու, նրան ձերբակալելու կամ համապատասխան դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ նրան չեն տեղեկացնում: Այդպիսի կարգ գոյություն չունի, և ես նորմալ եմ համարում, որ Արցախի նախագահը տեղյակ չի եղել, որ իր խորհրդականին բերման են ենթարկելու կամ ձերբակալելու են: Տարօրինակ կլիներ, որ նա տեղյակ լիներ:

Երկրորդը՝ ես վերջին երկու տարվա ընթացքում միշտ եմ ասել, որ որևէ հանցագործություն կատարած անձին և հատկապես բանակի հետ կապված իր որևէ պարտականությունը չկատարող կամ պատշաճ չկատարող անձ պետք է ենթարկվի պատասխանատվության: Իսկ ավելի լուրջ՝ Շուշին Ադրբեջանին հանձնած բոլոր հանցագործները պետք է պատասխան տան օրենքի, հասարակության և մեր ժողովրդի առջև:

Ես չգիտեմ՝ ինչ հանգամանքներ հետագայում կպարզվեն, ես հարգում եմ յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը, բայց մի բան ինձ համար ակնհայտ է, որ ով էլ լինի իշխանության, մենք պետք է մինչև վերջ հետամուտ լինենք, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները պարզվեն, և անկախ նրանից, թե ով կլինի մեղավոր՝ քաղաքական պաշտոնյա կլինի, զինվորական բարձրաստիճան սպա կլինի, ով ուզում է լինի, ինչ բացառիկ ծառայություններ էլ մատուցած լինի մեր ժողովրդին, պետք է պատասխան տա իր արածների համար:

– Իսկ ուշացած չե՞ն այս գործողությունները:

– Այդ մտահոգությունները ես բազմիցս եմ արտահայտել, որ պատերազմից երկու տարի է անցել, և որևէ մեկը պատասխան չի տվել: Բայց սա այն դեպքն է, որ լավ է ուշ, քան երբեք, որովհետև մի բան է, երբ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, և մեկ այլ բան, որ, այնուամենայնիվ, ինչ-որ գործընթացներով ինչ-որ ժամանակ հետո նոր սկսվում է քրեական հետապնդում:

Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել. իմ մտահոգությունները, ընդհանուր առմամբ, պայմանավորված են նրանով, թե արդյոք տրամաբանական ավարտի կհասցվի որևէ գործընթաց՝ ապահովելով յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը, միաժամանակ ապահովելով գործի բացահայտումը:

Նախկին տարիներին կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարը ինձ լավատեսական տրամադրվածություն չի տալիս, որ ես արձանագրեմ, որ մենք ճիշտ գործընթացի մեջ ենք: Իմ մտահոգությունը միայն պայմանավորված է նրանով, որ Հայաստանում պատասխանատվության ինստիտուտը պետք է դառնա անշրջելի, և մարդիկ, որոնք քրեական օրենքով արգելված որևէ արարք են կատարել, պետք է պատասխան տան:

– Մենք գիտենք, որ նաև ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ձևավորվել: Ի՞նչ ակնկալիքներ կան, որովհետև կարծես տեսանելի չեն այդ հանձնաժողովի աշխատանքներն առհասարակ:

– Քննիչ հանձնաժողովը, գոնե ինձ համար, յուրովի, պատկերավոր ասած, Նյուրնբերգյան դատավարություն է լինելու: Քննիչ հանձնաժողովից անձամբ իմ՝ որպես ՀՀ քաղաքացու ակնկալիքները մեծ են, որովհետև իմ խորին համոզմամբ, այդ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրելու է այնպիսի փաստեր, որոնք մեր բոլորի, յուրաքանչյուրիս արժանապատվության, Հայաստանի ապագայի, Հայաստանի լինել-չլինելու, մեր պետականության մնալ-չմնալու, մեր բանակի մարտունակության ապահովման, մեր հաղթանակի ու պարտության պատճառների պարզաբանման հարթակ է, և ես կոչ եմ անում մնացած բոլոր քաղաքական ուժերին, որոնք իսկապես ցանկանում են այդ հարցերի պատասխաններն ստանալ, առանց որևէ քաղաքական շահարկման, առանց որևէ քաղաքական դիվիդենտի ակնկալիքի, պարզապես լծվել այդ հարցերի պատասխանները ստանալու գործընթացին:

Եթե մենք չենք ուզում ցեխ շպրտել մեկս մյուսի երեսին, եթե չենք ուզում ներկա-նախկին խաղացնել, եթե իսկապես ուզում ենք ճշմարտությունը բացահայտել, մենք պետք է կարևորենք և օգտագործենք սահմանադրական այս գործիքը, բերենք ճիշտ հունի, որպեսզի պարզենք, թե ինչ է եղել իրականում: Հակառակ պարագայում այս կասկածի որդը մեզ դարեդար կրծելու է, չենք կարողանալու դուրս գալ այս ողբերգական իրավիճակից: Շատ կարևոր է հասկանալ՝ մենք ինչո՞ւ ենք պարտվել, կարո՞ղ էինք հաղթել, որո՞նք են եղել պարտության պատճառները, և արդյոք կայի՞ն մեղավորներ, որոնք ամեն ինչ չարեցին, որ մենք կարողանայինք առնվազն չպարտվել: Հետևաբար ես չափազանց կարևորում եմ այդ հանձնաժողովի գործունեությունը:

– Ձեր կարծիքով՝ կունենա՞նք ամբողջական բացահայտում, թե՞ ոչ:

– Իհարկե մտահոգություններ կան, անհանգստանալու խնդիրներ կան: Հիմա Միքայել Արզումանյանին են ձերբակալել, մեղադրանք առաջադրել, միայն ինքը չի, այնտեղ շատ-շատերը կան: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տա Շուշիի համար: Ես ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ է եղել Շուշիում, որ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տա:

– Նաև Ջալալ Հարությունյանի անունն են տալիս:

– Ով ուզում է լինի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից սկսած մինչև Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարություն՝ ամեն մեկն իր տեղում ու դիրքում պետք է պատասխան տա: Նիկոլ Փաշինյանն էլ պետք է գա քննիչ հանձնաժողով և պատասխան տա, թե ինչ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում, ինքն ինչ որոշումներ է կայացրել, դրանք արդյոք եղե՞լ են տրամաբանված, պատճառաբանված, հիմնավորված: Այդ որոշումները կատարվե՞լ են, թե՞ չեն կատարվել, եթե կատարվել են, ո՞րն է եղել արդյունքը, եթե չեն կատարվել, ինչո՞ւ չեն կատարվել։

– Այսինքն՝ հանձնաժողովն առաջինը պետք է քննի Նիկոլ Փաշինյանի՞ն։

Չեմ բացառում, չեմ կարող հիմա ասել, բայց այդ հանձնաժողով պետք է գա ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև նախկին նախագահները, նախկին ԳՇ պետերը, բոլորը պետք է գան, պատասխանեն։ Քանի դեռ այս հարցերի պատասխանը չունենք, չգիտենք՝ ինչ է եղել, չենք կարող առաջ շարժվել։ Եղբայր, եկեք ասեք՝ ինչ է այնտեղ կատարվել, հասարակությանը տվեք ճշմարիտ տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունեցել։ Ովքե՞ր են եղել մեր դաշնակիցները, կատարե՞լ են իրենց պարտականությունը, թե՞ թերացել են։ Ի վերջո, մարդկային ճակատագրերի պատասխանն ով պետք է տա։

Մանե Հարությունյան

MediaLab.am