«Այո՛, Հայաստանում իշխանափոխություն կլինի, եթե այս իշխանությունը ձգձգի Քոչարյանի հարցի քննությունը». Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարո՛ն Շիրինյան, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում մի շարք հարցերում մեղադրեց իշխանություններին։ Ի՞նչ ուղերձներ կային նրա հարցազրույցում։

– Իրականությունից կտրված, իր խնդիրները մոռացած անձի մտորումներ են։ Ես չեմ կարող ասել, որ դա վերլուծություն էր։

Ներքին քաղաքական խնդիրներին անդրադառնալով՝ նա չբացառեց, որ ժողովուրդը կարող է փողոցներ փակել՝ պահանջելով այս իշխանությանը հեռանալ, ինչպես եղավ 2018-ին։

Նա ներքին քաղաքականության հարցում մի բան պետք է տեսնի՝ իր դատավարությունը պետք է շարունակվի։ Ի՞նչ իրավունքով է նա ներքին քաղաքականությունից խոսում, երբ դատական համակարգը կանգնեցրել է ճգնաժամի առաջ՝ պարզապես իր անձը փրկելու համար։ Ներքին քաղաքական ճգնաժամ եթե կա, դա առաջացրել է նրա անորոշ դատավարությունը։ Տղամարդ է, թող կանգնի դատարանի առաջ ու պատասխան տա։

Քոչարյանը քաղաքականության մեջ ոչ մի գործոն էլ չէ, 100 հոգով ղժղժում են։ Ես վերջին շրջանում անընդհատ մարզերում եմ լինում։

Այսօրվա իշխանությունը պետք է իմանա, որ ժողովրդի մոտ իրենից դժգոհություն կա։ Բայց դժգոհությունը կապված է Քոչարյանի և իր տեսակի նկատմամբ մեղմության հետ։ Ժողովուրդը խիստ դժգոհ է, որ այս մարդիկ դատական համակարգը վերածել են սեփականության։

Եվ մանավանդ դժգոհում են նրանց անձնական հեռուստաընկերություններից։ Ասում են՝ ինչո՞ւ վարչապետն իր խոստումը չի կատարում։

Մարդիկ ասում են՝ երկիրը չպե՞տք է շնչի ու զարգանա, արդարադատությունը պե՞տք է զբաղվի Քոչարյանի դատավարությամբ ու նրա անմեղության կամ մեղավորության հետ կապված անհեթեթություններո՞վ։

Նորից հարցը հստակ է՝ որտեղի՞ց իր ունեցվածքը։ Երկրորդ՝ ռուսական ընկերությունը ո՞ր ծառայությունների համար է նրան ընտրել տնօրենների խորհրդի անդամ։

– Քոչարյանը նաև այսօրվա իշխանություններին մեղադրում է կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեջ՝ ասելով, որ բյուջեից մեծ պարգևավճարներ են ստանում։

– Հայ ժողովուրդը հնուց ասացվածք ունի՝ «Այիբս հանեմ, վրեդ դնեմ»։ Քիչ է մնացել՝ կուսությունից էլ խոսի։

– Արցախի հիմնախնդրին անդրադառնալով՝ ասում է՝ հստակ չեն սկզբունքները, որոնց վրա այսօրվա իշխանությունները հիմնվում են։ Այսօր այս հարցում իշխանությունների վարած քաղաքականությունը հստա՞կ է։

– Այո, շատ հստակ է։ Արցախի հարցի լուծումը Հայաստանի ուժի մեջ է։ Ասեմ իրեն ու իր կամակատարներին՝ Տավուշի գործողությունը ցույց տվեց, թե երկու տարում Հայաստանի բանակը ռազմական ոլորտում ինչ նոր որակի ձեռքբերում է ունեցել։

Ինչքան Հայաստանի բանակը ուժեղ ու որակյալ է, այնքան անվտանգության բարձր աստիճան է։ Մեր բանակը ոչ միայն ադրբեջանցու աչքը հանեց, այլ նաև Իսրայելի դրոնը խփեց։ Դա ի՞նչ է նշանակում։

– Ընդհանրապես Քոչարյանն այս փուլում ինչ-որ նպատակներ հետապնդո՞ւմ է, ի՞նչ հավակնություններ ունի։

– Իրեն թվում է, թե քաղաքական գործիչ է, Գեորգի Դիմիտրովն է։ Բայց Գեորգի Դիմիտրովը ելավ ու տղամարդավարի ճառ արտասանեց, ոչ թե փախավ։ Հիմա էս մարդն ամեն ինչ անում է, որ հանկարծ ճառ չարտասանի՝ դատավարություն չսկսվի։

Բայց ես այս իշխանությանն ուզում եմ մի բան զգուշացնել՝ եթե ձգձգվի Հայաստանի դատական համակարգի այս խեղկատակությունը Քոչարյանի գործի շուրջ, իր վարկանիշը շատ արագ կկորցնի։

Ինչո՞ւ Քոչարյանը մինչև հիմա խցում չէ և ինչո՞ւ է վիրուսի պայմաններում ֆռֆռում։ Դատախազությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի պետական շահի պաշտպանության իմաստով։

Քոչարյանն ամեն ինչ անում է, որ փրկի իր ունեցվածքը, որը կողոպտել է, հանուն իր թոռների ու ծոռների։

Ա՛յ դա երևում է, մնացածը դատարկ խոսում է։ Հայաստանում կարող է իշխանափոխություն լինել, բայց ոչ նրա համար։

Իշխանափոխությունը կլինի, եթե այս իշխանությունը ձգձգի Քոչարյանի հարցի քննությունը։ Հայ ժողովուրդը մի օր վեր կկենա ու կգնա, դատարանում Քոչարյանի հարցը կլուծի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am