Փաստն այն է, որ Բլինքեն-Բորել, Միշել-Մակրոն զանգերն Ալիևի վրա չեն ազդում, սա է իրականությունը. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դան Բայերն ասել է, որ «Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի սառը ձմեռների։ Մենք պետք է պատրաստ լինենք Հայաստանին երկարատև օգնություն ցուցաբերելուն»։ Որո՞նք են այս հայտարարության մեսիջները, ինչո՞ւ է հիմա նման հայտարարություն հնչում։

– Քաղաքական գործչի շուրթերից նման վատատեսական հայտարարություններն անլուրջ են։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրական Հայաստանի արդյունքն է, որովհետև ինքը Հայաստանը վերածել է մի պետության, որի հետ ով ինչպես ուզի խոսում է, որոշում է, թե հայ ժողովուրդն ինչի պետք է պատրաստ լինի, ինչերի միջով դեռ պետք է անցնի։ 

Հիշում ենք, որ ժամանակին պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն էր մեզ ասում, որ պետք է պատրաստ լինենք բարդ զիջումների, ծանր որոշումներ կայացնելուն։ Հիմա ստացվում է, որ նման բառամթերքով է հանդես գալիս նաև ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը, բայց ինչ-որ տեղ ես շնորհակալ եմ, որովհետև շատ անկեղծ են ու ուղիղ տեքստով ասում են, որ արհավիրքների առաջ ենք կանգնած ու դեռ կանգնելու ենք։ 

Օտար երկրից նման հայտարարությունները անարգանք են տվյալ պետության ու ժողովրդի նկատմամբ, անգամ ես դա ընկալում եմ տվյալ պետության ինքնիշխանության ոտնահարում։ Բայց, կրկնում եմ, որ այս ամենը գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության «արդյունքն» է։ 

– Իսկ բացառո՞ւմ եք, որ Հայաստանն իսկապես կանգնած է նման վտանգի առաջ, ու սա ինչ-որ չափով նախազգուշացում է։

– Նախ գանք այնտեղից, որ մենք ենք թույլ տվել, որ մեր վերաբերյալ նման հայտարարություններ անեն, իսկ ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցին, ապա օրերս ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց ունեցավ Իլհամ Ալիևի հետ, ու վերջինս նշել է, որ Հայաստանի հետ չի ստորագրի խաղաղության պայմանագիր, քանի նա չի փոխել իր Սահմանադրությունը, նաև թվարկել է մյուս նախապայմանները։ 

Հետևաբար, այն ամբողջ պատմություն, որ մեզ իբր պատմական Հայաստանից իրական Հայաստան են բերում, իրականում մեզ տանում են դեպի ողբերգություն, ոչ թե բարեկեցիկ կյանք, այս ձևով խաղաղություն ու բարեկեցություն չեն լինելու։ Հետևաբար, այս մասով, ես էլի եմ ասել, որ հավաքական Արևմուտքը միշտ անկեղծ է մեզ հետ․ նա երբեք չի ասել, որ գալու են մեզ փրկեն, մարդիկ ուղիղ ասում են, ի տարբերություն Ֆրանսիայի, որը փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ։ Փաստն այն է, որ Բլինքեն-Բորել, Միշել-Մակրոն զանգերն Ալիևի վրա չեն ազդում, սա է իրականությունը։

– Պարո՛ն Կարապետյան, հավաքական Արևմուտքի օգնությունը Հայաստանին ի՞նչ տեսքով է լինելու։

– Բնականաբար, իր դիվիդենտներն է առաջ քաշում, իր նպատակներն ունի։ Հավաքական Արևմուտքը մասամբ ֆինանսական օժանդակություն ու օգնություն տրամադրում է Հայաստանին, բայց պետք է հասկանանք, թե դա ինչի՛ դիմաց է արվում, որովհետև հենց այնպես այդ գումարները չեն տրամադրվում։

– Ինչի՞ դիմաց է տրամադրվում։

– Հակառուսական պլացդարմ ու ճամբար ձևավորելու համա՞ր է տրվում, հակառուսականություն գեներացնելու համա՞ր է տրվում, փոխարենը մենք մի բան պետք է, չէ՞, տանք։ Հստակ ես չեմ կարող ասել, բայց այդ ամենը ներքին պայմանավորվածությունների արդյունք պետք է լինի, համենայնդեպս, այն մասով, որով նրանք անշահախնդիր օգնություն են տրամադրում, դա ողջունում եմ։ 

Ես ընդհանրապես ողջունում եմ ցանկացած համագործակցություն, բայց պետք է հասկանանք՝ դրա գինը ո՞րն է, և պետք է հասկանանք, որ դա որպես գործիք չպետք է ծառայի մեր գլխին, որ այդ ամենը պետք է արվի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու հաշվին։ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի ցանկացած պետության հետ հարաբերվելու մակարդակը, այլ ոչ թե այս կամ այն գերտերության դրդմամբ կամ խորհրդով։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am