«Խնդիրն այն չէ, որ որևէ մեկը փչել է այդ փուչիկը». Էկոնոմիկայի նախարարը նորմալ է վերաբերվում Քոչարյանի քննադատություններին

«Խնդիրն այն չէ, որ որևէ մեկը փչել է այդ փուչիկը». Էկոնոմիկայի նախարարը նորմալ է վերաբերվում Քոչարյանի քննադատություններին
«Խնդիրն այն չէ, որ որևէ մեկը փչել է այդ փուչիկը». Էկոնոմիկայի նախարարը նորմալ է վերաբերվում Քոչարյանի քննադատություններին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նորմալ է վերաբերվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին՝ ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը: 

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հեռակա բանավեճը սկսվեց այն ժամանակ, երբ տարեվերջյան ասուլիսում վարչապետը Քոչարյանի օրոք արձանագրված տնտեսական աճը, մասնավորապես, շինարարության ոլորտի աճը «փուչիկ» որակեց, որն, ըստ վարչապետի, պայթեց ճգնաժամի ժամանակ՝ վնաս հասցնելով տնտեսությանը:

Վահրամ Ավանեսյանն այսօր լրագրողներին ասաց, որ դեռևս 2006-2007 թվականներին էր ինքը կանխատեսում, որ շինարարության ոլորտում նվազում է արձանագրվելու, քանի որ անհնար է ոլորտի աճի տեմպը երկար պահպանել այն դեպքում, երբ այդ ոլորտը երկրի ՀՆԱ-ում ունի 25 տոկոս մասնաբաժին:

Ըստ նախարարի՝ 25 տոկոս մասնաբաժինը մեծ թիվ է, որ աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ այդ պայմաններում ոլորտի երկարաժամկետ աճ ապահովել:

«Ամենածանր բանը հենց այն է, որ կիրառվում են բառեր՝ փուչիկ, չգիտեմ տարբեր տեսակի բառեր են օգտագործվում, որը ոնց որ վիրավորանք լինի: Խնդիրն այն չէ, որ որևէ մեկը փչել է այդ փուչիկը, և նման բան է եղել: Այդուհանդերձ, պետք է փաստերը գնահատվեն, և այդ փաստերի տեսակետից, նորից եմ ասում 25 տոկոս մասնաբաժինը անհնարին էր պահպանել, և դեռևս 2006-2007 թվականներին իմ՝ համեստ տնտեսագետիս կողմից գնահատվում էր, որ պետք է անպայման շինարարությունում, անկախ ճգնաժամից, բացասական ցուցանիշ լինի»,- նշեց նախարարը:

Ռոբերտ Քոչարյանը նաև քննադատել էր վարչապետին հիպոթեքային շուկայի խնդիրների հետ կապված՝ նշելով, որ շինարարության ոլորտի անկման պատճառը նաև այն է, որ հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները բարձր են, և Հայաստանի՝ սոցիալապես վատ վիճակում գտնվող բնակչությունը չի կարողանում օգտվել այդ վարկերից:

Էկոնոմիկայի նախարարը համաձայն է այս քննադատության հետ:

«Իհարկե, էլի խորը վերլուծությունների խնդիր է, որպեսզի հասկանանք, թե ոլորտում ինչ է կատարվում: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում հիպոթեքային վարկերը դեռև չեն գտնվում այն մակարդակի վրա, որպեսզի մենք կարողանանք ասել, որ դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտի վրա: Բնակաբանար, պատճառները շատ են, բայց կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է, որ տոկոսադրույքները թույլ չեն տալիս, որ հիպոթեքի շուկան զարգանա»,- լրագրողներին ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ պետք է գնահատել Ռոբերտ Քոչարյանի օրոք արձանագրված երկնիշ տնտեսական աճը, բայց պետք է հաշվի առնել, որ դա նաև 1990-ական թվականներից  առաջին նախագահի դրած բարեփոխումների արդյունք է եղել:

«Բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք չեն կարող 5 տարվա, նույնիսկ 10 տարվա ընթացքում արդյունքներ ցույց տալ: Դրանց արդյունքներն ավելի հեռանկարային են»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ կնքված գազի պայմանագրերի առումով Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած քննադատություններին, նախարարը նշեց, որ որպես կառավարության անդամ՝ կարող է ասել՝ այս պայմանագրերը ամենաշահավետն են, որ կարող էին լինել այս փուլում:

Նկարում Վահրամ Ավանեսյանը` աջից առաջինը:

© Medialab.am