Սուլամիթա` Սևակի մեծ սերը. մուսա, ով «երբեք չի օգտագործել իր սերը բիզնես նպատակներով»

Սուլամիթա` Սևակի մեծ սերը. մուսա, ով «երբեք չի օգտագործել իր սերը բիզնես նպատակներով»
Սուլամիթա` Սևակի մեծ սերը. մուսա, ով «երբեք չի օգտագործել իր սերը բիզնես նպատակներով»

Գրականագետ Հովիկ Չարխչյանի հեղինակությամբ 2004-ին հրատարակված «Սուլամիթա, Սևակի մեծ սերը» երկհատորանի նամականի գիրքը, որը պատմում է Պարույր Սևակի և Սուլամիթա Ռուդնիկի մեծ սիրո մասին, այսօր էլ մեծ պահանջարկ է վայելում, ինչը, ըստ հեղինակի, փաստում է, որ հայ ընթերցողը կարիք ունի լուսավոր, վառ ու հուզական գրականության:

10 տարի առաջ լույս տեսած նամականին արժանացավ շատերի քննադատությանը: Դեմ էին, որ հանրությանն էր ներկայացվել մեծ գրողի անձնական կյանքը:

«Եթե խոսքը Բալզակի կամ Բայրոնի սիրային նամակների մասին է, հաճույքով կարդում են, բայց հենց խոսքը վերաբերում է մեր հեղինակներին, հիվանդագին են ընդունում,- «Մեդիալաբին» ասում է Չարխչյանը: – Մի սովորություն ունենք` սրբացնում ենք մեր մեծերին` մոռանալով, որ նրանք էլ մարդ են` իրենց թուլություններով ու թերություններով»

«Սուլամիթա, Սևակի մեծ սերը» նամականին վերահրատարակվել է հինգ անգամ` 10.000 օրինակ ընդհանուր տպաքանակով, վերջին անգամ լույս է տեսել 2006-ին: Նամականին օրերս կրկին վերահրատարակվել է:

May be an image of diary, book and text

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցով գրեթե ամեն օր նամակներ եմ ստանում: Մարդիկ հարցնում են` որտեղի՞ց գտնենք գիրքը, ե՞րբ եք նորից վերահրատարակելու: Ընթերցողները գրում են, զանգում և խոստովանում, որ նամականին կարդալուց հետո Սևակի գրականությունը սկսեցին այլ կերպ ընկալել: Մարտի 8-ին ու ապրիլի 7-ին գրախանութներից ինձ խեղդում էին` գրքի նոր խմբաքանակ հասցնելու համար, որովհետև շատերն էին իրենց սիրելիներին «Սուլամիթա» նվիրում»,- պատմում է Չարխչյանը:

Սևակի մեծ սերը` ազգությամբ հրեա Սուլամիթա Ռուդնիկը, նույն ինքը` 72-ամյա Շուլամիթ Շալիթը, այսօր կենդանի լեգենդ է, ով 1980 թվականին Վիլնյուսից տեղափոխվել և ապրում է Իսրայելում: Մասնագիտությամբ բանասեր է, հայտնի գրականագետ: 1991 թվականից մեծ ժողովրդականություն վայելող «Գրական էջեր» ռադիոժամի հեղինակն ու վարողն է, որը հեռարձակվում է «Ռեկա» ռադիոկայանով, ռուսական արվեստի թանգարանի տնօրենն է:

Չարխչյանն ասում է, որ Սուլամիթայի հայ հարևանուհին կարդացել ու թարգմանել է նրա համար նամականի գիրքը: Գրքում տեղ գտած որոշ մեկնաբանություններին Սուլամիթան չի համաձայնել, ինչի մասին էլ գրել է Չարխչյանին:

«Չէի ասի, որ գոհ էր գրքի տպագրումից, բայց նա դա ընդունեց որպես կատարված փաստ»,- «Մեդիալաբին» ասում է գրքի հեղինակը:

Գրքի վրա աշխատելիս հեղինակն օգտվել է Սևակի և Սուլամիթայի 570 նամակներից, որոնք սկսվում են 1958-ից և շարունակվում մինչև Սևակի կյանքի վերջը`1971 թ.:

Չարխչյանն ասում է, որ առաջին անգամ նամակները տեսել է 1991 թվականին, երբ դեռ աշխատում էր Արարատի շրջկոմում:

«Պատերազմական ժամանակաշրջան էր, ռմբակոծվում էր նաև Զանգակատունը` Սևակի հայրենի գյուղը, որտեղ էլ նրա տուն-թանգարանն է: Արարատի շրջկոմից հանձնարարական

ստացանք` թանգարանի գույքը տեղափոխել ապահով վայր: Տան նկուղում, որտեղ Սևակի իրերն էին, մի թղթապանակ աչքովս ընկավ: Դրանք հիմնականում ռուսերենով գրված նամակներ էին»,- պատմում է Չարխչյանը:

Նամակները թարգմանվում են: 1992-ին 3000 օրինակ տպաքանակով լույս է տեսնում «Սիրում եմ քեզ» փոքրիկ գրքույկը, որը միանգամից սպառվում է:

«Սուլամիթայի անձի նկատմամ

բ հետաքրքրությունս մեծացավ, սկսեցի հավաքել այն ամենը, ինչ հնարավոր էր: Գտնվեցին մարդիկ, որոնք տեսել էին Սուլամիթային ու պատմում էին: Գտնվեցին նաև Սևակի և Սուլամիթայի Մոսկվայում արված լուսանկարները: Ճշտեցինք, որ նա այլևս Ռուսաստանում չի ապրում: Տեղափոխվել էր Իսրայել, փոխել անուն-ազգանունը և դարձել Շուլամիթ Շալիթ»,- պատմում է Չարխչյանը:

1980 թվականին` Իսրայել մեկնելուց առաջ, Սուլամիթան պատճենահանում է իր բոլոր նամակները և դրանք հանձնում Հայաստանին: Այսօր դրանց մի մասը գտնվում է Մատենադարանում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, մի մասն էլ` մի քանի անհատների մոտ: Բնօրինակները Սուլամիթայի մոտ են:

«Բանակցում եմ նրա հետ, որ բնօրինակները Հայաստանին հանձնի: Դրանք մեզ համար մշակութային մեծ արժեք են: Աստված մի արասցե, եթե նա հանկարծ վաղը չլինի, ո՞ւմ է մնալու այդ ամենը: Որ ասեմ մերժել է` ոչ, բայց հույս ունեմ` այնքան խելամիտ կգտնվի, որ մի օր այդ ամենը կհանձնի: Նրա մոտ են նաև Սևակի անձնական իրերից` ծոցատետրեր, օրագրեր, մի մազափունջ, թղթի մեջ փաթաթած ծխամորճի մոխիր: Լուսանկարով ուղարկել էր Սևակի գրողների միության անդամատոմսը: Տարիներ անց էլ Սուլամիթան խոսում է Սևակի մասին նույն սիրով, կրքով ու ջերմությամբ, կարծես ժամանակը չի անցել»,- ասում է նա:

Չարխչյանը նամականի գրքով մի քանի նպատակ է հետապնդել` պատմել մեծ սիրո մասին և ցույց տալ Սևակի կյանքի այդ ժամանակահատվածը, որը գրեթե ուսումնասիրված չէր, ինչպես նաև նյութ տալ գրականագիտությանը` որպես փաստագրություն, որպեսզի հետագայում Սևակի ուսումնասիրողները որպես աղբյուր այն ձեռքի տակ ունենան

Հեղինակը զավեշտալի է համարում այն հանգամանքը, որ գրքի հրատարակումից հետո հայտնվում են բազմաթիվ կանայք, որոնք հայտարարում են, թե իրենք են եղել Սևակի մեծ սերը, իսկ Սուլամիթան անցողիկ մի սեր էր::

«Կարծում եմ` եղել է Սուլամիթան, և դա ասում է ինքը` Սևակը: Այն սերը, որով նրանք են կապված եղել, մեկ այլ որակական հարթության վրա էր, շատ ավելի խորը, տարողունակ, շատ ավելի շերտեր պարունակող սեր, քան պարզապես ինչ-որ կնոջ հետ կապ կամ հրապույր: Այստեղ ավելին էր, քան տղամարդ ու կին հարաբերությունը»,- ասում է Չարխչյանը:

Սևակն ու Սուլամիթան առաջին անգամ հանդիպել են Մոսկվայում` 1959 թ. դեկտեմբերի 2-ին: Սևակը հրավիրված էր համակուրսեցիներից մեկի հարսանիքին, որին ներկա էր նաև Սուլամիթան:

«Նույն օրը` մի գիշերում, Սևակը գրում է «Երգ երգոցը»: Իսկ Սուլամիթան իր հուշերում գրում է. «Գիտեի, որ կնամոլ է, բայց նրա մագնիսական հմայքը գործեց…»,- ասում է գրքի հեղինակը:

Չարխչյանը գրքի վրա աշխատում է երկու տարի` փորձելով գտնել նամակներում հիշատակվող տարբեր մարդկանց:

«Այդպես գտա Կասյանի փոստատանն աշխատող վրացուհի աշխատակցին, ով, ստանալով Սուլամիթայի նամակները, հանձնել էր Սևակին: Ում հնարավոր էր` գտա, ովքեր ողջ էին: Շատ դրվագներ կային, որոնք ավելին էին պահանջում, քան նամակի պատմությունը: Կային բացակա նամակներ, ու հարկավոր էր լրացնել այդ բացը, պետք էր հասկանալ, թե ինչ է եղել այդ ընթացքում: Բացի այդ, կար Սևակի ու Սուլամիթայի առանձին կյանքը, որոնք նամակներում տեղ չէին գտել»,- ասում է նա:

Ըստ Չարխչյանի` նրանց կապը շարունակվել է, անկախ անձնական կյանքից: Սևակը, ով այդ ընթացքում արդեն երկրորդ անգամ էր ամուսնացել և երկու զավակ ուներ, ցանկացել է, որ Սուլամիթան իր անձնական կյանքը կառուցի, ընտանիք ունենա: Իսկ երբ մի պահ Սևակն է առաջարկում ամուսնանալ, Սուլամիթան մերժում է` ասելով, որ չի պատրաստվում ուրիշի դժբախտության հաշվին իր երջանկությունը կառուցել:

«Շատ ազնիվ են եղել ու մենատիրական զգացումներով չեն առաջնորդվել, աշխատել են չվնասել: Այն պահին, երբ Սուլամիթան պատրաստվել է ամուսնանալ, նրանք գրեթե չորս տարի չէին հանդիպել, սակայն նամակագրությունը շարունակվում էր, որոնցում հորդել է սերը: Ես հիացած էի այդ բարոյականությունից»,- ասում է Չարխչյանը:

Սուլամիթան երկու անգամ է ամուսնացել: Առաջին ամուսինը հրեա էր` Լարի անունով, այդ ամուսնությունից ծնվել է աղջիկը` Բելլան, ով այսօր ապրում է Գերմանիայում: Երկրորդ ամուսինը նույնպես հրեա էր, նրանից էլ Սուլամիթան ունենում է որդուն` Ռաֆայելին, ով զինվորական է:

Համեմատելով այլ մեծերի սիրո պատմությունների հետ` Չարխչյանն ասում է, որ նրանք շատ պոետիկ են եղել, հատկապես Սուլամիթան:

«Բանաստեղծը Սևակն է, բայց պոեզիան հորդում է Սուլամիթայի նամակներից: «Նա՞ է գրում, թե՞ ես իմ գրում իմ հարազատին…» բանաստեղծության հիմքը Սուլամիթայի նամակն է, Սևակն այն դրել է չափածոյի մեջ: Սուլամիթան նամակում գրում է. «Իսկ ո՞ւր է տարվա մեր եղանակը` այն հինգերորդը, մի՞թե չի գալու», Սևակը կրկին դրել է չափածոյի մեջ: Ընդ որում, շատ ազնիվ է եղել, վերնագիրն էլ չակերտներում դրել է` «Նամակ», ու հրաշալի ստեղծագործություն»,- ասում է Չարխչյանը:

Գրականագետն ասում է, որ մի քանի անգամ փորձել են Սուլամիթային Հայաստան հրավիրել, բայց միշտ հրաժարվել է: Գինու արտադրությամբ զբաղվող գործարարները պատրաստ էին «Սուլամիթա» անունով գինի արտադրել, աստղաբաշխական հոնորար էին առաջարկում նրան շնորհանդեսին մասնակցելու համար, սակայն Սուլամիթան մերժել է:

«Շատ ազնիվ է ու երբեք չի օգտագործել իր սերը բիզնես նպատակներով: Կարո՞ղ էր, չէ, հրատարակել այդ նամակները կամ վաճառել այս պետությանը, բայց դա երբեք չի արել: Բերել է, ինքնակամ հանձնել, ասել է. «Ձեր մեծ գրողն է, ունեցեք, պատվեք, սիրեք»,- ասում է Չարխչյանը և խոստովանում, թե մի ներքին զգացողություն ունի, որ Սուլամիթան մի օր Սևակից մնացած մասունքները կհանձնի Հայաստանին:

Գրքի հեղինակն ասում է, որ Սևակի ու Սուլամիթայի սիրո պատմությունը հրատարակելուց հետո ոմանք ինչ-որ վիրավորական մոտեցում տեսան ընտանիքի հանդեպ, ինչը բացառված էր:

«Ես ընդամենը մեծ սիրո պատմություն էի պատմում, առանց անձնավորումների: Փառք Աստծո, ժամանակի ընթացքում մարդիկ հասկացան` ինչի մասին է խոսքը: Թե չէ իրենք իրենց կեղծում են` փորձելով ավելի կաթոլիկ լինել, քան Հռոմի պապը: Իր վերջին ստեղծագործությունում Սևակն ինքն է գրում. «Ես չեմ ամաչում իմ սիրո համար»,- ասում է Չարխչյանը:

Հոդվածը «Մեդիալաբի» արխիվից

© Medialab.am