Քաղաքացիական հասարակությունը պատրաստվում է առաջարկություններ ներկայացնել կառավարությանը՝ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ձևաչափի վերաբերյալ։ Այդ թվում կարևոր առաջարկություններից մեկն այն է, որ հատուկ քննչական ծառայությունը ոչ թե պետք է լուծարվի, այլ հզորացվի։ Այս մասին «Մեդիալաբին» ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որը ղեկավարելու է հենց ինքը՝ վարչապետը։
Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը ենթադրում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝հակակոռուպցիոն կոմիտե անվամբ։ Այն լինելու էբավականին լայն լիազորություններով օժտված միասնական նախաքննական մարմին։ Մասնավորապես, քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունըհարկային և մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը կփոխանցեն հակակոռուպցիոն կոմիտեին: Այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունըպետք է իրականացնի ԱԱԾ-ն: Իսկ ՀՔԾ-ն, նախատեսվում է, պետք է լուծարվի։
«Մենք քննարկում ենք այս փոփոխությունները։ Առաջարկվում է նաև կոռուպցիոն գործերով հատուկ մասնագիտացված դատարանների ձևավորում։ Այդտեղ մենք տեսնում ենք դատախազական հսկողության իրականացման հետ կապված հարցեր, որոնք քննարկման ենթակա են։ Դա դատախազության ստորաբաժանո՞ւմ պետք է լինի, թե՞ առանձին հսկողության մարմին»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ ՀՔԾ-ի լուծարման հետ կապված հարցեր են առաջ գալիս։ «Մենք ավելի վաղ հայտարարել էինք, որգտնում ենք, որ ԱԱԾ-ն որևէ քննչական գործառույթ չպետք է ունենա։ Բայց այս փաստաթղթով առաջարկվում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից կոռուպցիոն հանցագործությունների դեպքում քննություն պետք է իրականացվի ԱԱԾ-ի կողմից։ Դա մեր մոտեցմանը լրիվ հակասում է։ Մենք գտնում ենք, որ այդ գործերով կարող է զբաղվել նաև հատուկ քննչական ծառայությունը։ Այսինքն՝ ՀՔԾ-ն ոչ թե պետք է լուծարել, այլ հզորացնել։ Այդ կառույցը նաև պետք է զբաղվի հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ։ ՀՔԾ-ին նաև պետք է տրամադրվի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու գործիքակազմը»,- ասում է իրավապաշտպանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի պետի թեկնածուն, ըստ նրա, պետք է մասնագիտացված խորհրդի կողմից առաջադրվի և Ազգային ժողովի կողմից հաստատվի։ Իսկ եթե ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն է, ապա այդ դեպքում նաև ընդդիմության ձայները պետք է որոշիչ դեր ունենան պետի նշանակման հարցում։ Այսինքն՝ քաղաքական անկախության երաշխավորման հետ կապված հարցեր կան նաև, նկատում է Սաքունցը։
Թեև շատ հարցեր կան, բայց, նրա խոսքով, կարևորն այն է, որ այս փաստաթուղթը թարմություն է մտցնում, ինստիտուցիոնալ նոր փոփոխություններ է առաջադրում։
«Մնում է պարզապես ավելի կոնկրետացնել, հստակեցնել, հասկանալ, թե այն, ինչ առաջարկվում է, արդյոք իրապես բավարա՞ր է անկախության, արդյունավետության, քաղաքական իշխանությունից անկախ գործելու համար։ Այս երաշխիքներն ապահովվա՞ծ են, թե՞ ոչ, դրա ուղղությամբ դեռևս քննարկումներ են ընթանում»,- նշում է իրավապաշտպանը։
Իսկ այն, որհակակոռուպցիոն խորհուրդը գործելու է վարչապետի ղեկավարությամբ, Արթուր Սաքունցի խոսքով, դրանով քաղաքական կախվածության խնդիր չի առաջանում։ Նրա կարծիքով՝ խորհուրդը կարող է նաև քաղաքական ծրագրեր քննարկել։ Ի վերջո, եթե կան նախագծեր, դրանք Ազգային ժողովն է կամ ընդունելու, կամ մերժելու։ Կարևորը քննության հետ առնչություն ունեցող հակակոռուպցիոն կոմիտեի անկախության ապահովումն է։
«Իհարկե,կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականկության մտածելակերպի հարցերը պետք է գործադիրի ուղղակի պարտավորությունը լինեն։ Այնտեղ կա օրենսդրական կարգավորումների մի ամբողջ շերտ, որը գործադիրը կարող է կարգավորել։ Բայց շատ կարևոր է, որ այդ կոռուպցիոն հանցագործություններով քննություն իրականացնողմարմիններն անկախ լինեն»,- կարևորում էՍաքունցը։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am