Պետք է արագ իրագործել առաջնային խնդիրները լուծող ծրագրեր. Արցախի պետական նախարար

Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները:

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական գործուղությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային պայմաններում գտնվող երկրի վիճակը։ Մեզանից պահանջվում է գործադրել բոլոր ջանքերը և հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ բազմաթիվ խնդիրների»,- նշել է Արթուր Հարությունյանը։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ընթացքում պետական նախարարը լսել է կառավարության ոլորտային պատասխանատուներին, տեսակապ հաստատել շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են առկա խնդիրներն ու հանդես եկել առաջարկներով:

«Պետական նախարար Արթուր Հարությունյանը հանձնարարել է արագ մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները` ապահովելով բնակչության անվտանգության, ենթակառուցվածքների աշխատանքի, շրջաններից տարհանված բնակիչների կեցության, սննդի մատակարարման և մի շարք այլ առաջնային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առաջիկայում կլուծվի նաև հացի խնդիրը և կներկայացվի տրամադրման կարգը։