«Մերոնք հասկանում են, որ Ադրբեջանը Արցախը կուլ տալու ցանկությունից չի հրաժարվի, կուլ տալուց հետո էլ անցնելու է Հայաստանին». Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ Factor.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, Թուրքիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորեն, երբ Ադրբեջանի հարցը լուծվի։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ասել է «Ադրբեջանի հարցը լուծվի»։ Սա Թուրքիայի կողմից նախապայման չէ՞։

– «Ադրբեջանի հարցի լուծում» ասելով Թուրքիայի իշխանություններն ու կոնկրետ նախագահը նկատի ունեն Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրում, որտեղ հստակ կֆիքսվի Արցախի կա՛մ ընդհանրապես գոյություն չունենալը, կա՛մ ինքնավար կարգավիճակը՝ ինչ-որ ամորֆ մշակութային ինքնավարության կամ նման շրջանակներում։

Հետևաբար, Թուրքիայի դիրքորոշումն այնպիսին է, որ հարաբերությունների վերջնական կարգավորում, այսինքն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի ամբողջական բացում կլինեն, եթե Հայաստանը համաձայնի խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ վերջինիս պայմաններով, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է համաձայնի նպաստել Արցախի վերջնական ու շատ արագ հայաթափմանը։

Չեմ կարող ասել՝ նախապայմա՞ն է, թե՞ ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ Թուրքիան երբեք էլ չի թաքցրել, որ այս գործընթացը դիտում է եռակողմ հարաբերությունների տիրույթում, իսկ ավելի կոնկրետ՝ ընդհանրապես բազմակողմ, որովհետև նախ՝ այստեղ կա Ռուսաստանը, կան թուրք-ամերիկյան հարաբերություններ: Ինչպես ասում են՝ թուրք-հայկական հարաբերությունները երևի ամենաքիչը Հայաստանի մասին են։ Բայց Թուրքիան սա դիտարկում է նաև եռակողմ համատեքստում ու վերջնական կարգավորումը դիտարկում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում՝ Ադրբեջանի պայմաններով։ Հիմա սա կարող եք անվանել նախապայման, դիրքորոշում, ցանկություն կամ երազանք։

– Հայաստանի դիվանագիտական քայլերը որո՞նք պետք է լինեն այս պարագայում։

– Եթե խոսում ենք Արցախի հետ կապված հարցի մասին՝ հասկանալի է, որ ոչ մի կերպ չի կարելի ստորագրել համաձայնագիր Ադրբեջանի պայմաններով, որովհետև մենք ոչ միայն կօգնենք Ադրբեջանին վերջնականապես ոչնչացնելու Արցախը, այլև կհեշտացնենք Ադրբեջանի գործը Հայաստանից տարածքներ վերցնելու հարցում։ Հետևաբար, ինչպես ասում են, չպետք է կրակել սեփական ոտքին ու չպետք է քայլեր ձեռնարկել, որոնք կօգնեն Ադրբեջանին հեշտությամբ Հայաստանից տարածքներ վերցնել։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, քանի որ տարածաշրջանային բոլոր գլոբալ խաղացողները կողմ են, որ հարաբերությունները շարունակվեն, ապա կարելի է դրանք շարունակել: Թող էլի մի քանի հանդիպում լինի, եթե Թուրքիան կշարունակի ասել՝ մինչև Ադրբեջանի պայմաններով պայմանագիր չստորագրեք, դիվանագիտական հարաբերություններ չեմ հաստատի, և եթե մենք չենք կատարում Ադրբեջանի պայմանները, ինչը, կրկնում եմ, ոչ մի կերպ չարժի կատարել, ապա այդ գործընթացը՝ որպես գործընթացը, կարող է դեռ որոշ ժամանակ շարունակվել, ինչո՞ւ Հայաստանը դուրս գա գործընթացից։ Եթե գործընթաց է հանուն գործընթացի, թող լինի գործընթաց հանուն գործընթացի։

– Քանի որ ասացիք՝ սա ավելի շատ բազմակողմ գործընթաց է, ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը համաձա՞յն է, որ Հայաստանը Ադրբեջանի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքի։

– Այս գործընթացում նաև ամերիկացիներն են ակտիվ ներգրավված, ընդհանրապես, ցանկացած հայ-թուրքական հարաբերություն ավտոմատ նշանակում է ամերիկացիների ներգրավում։ Ամերիկացիների դիրքորոշումն ի սկզբանե պարզ է․ ինչքան հայերը քիչ վախենան թուրքերից, այնքան քիչ կունենան ռուսների կարիքը, հետևաբար կհեշտանա Հարավային Կովկասում ռուսների դիրքերը թուլացնելու ամերիկացիների ռազմավարությունը։

Ինչ վերաբերում է ձեր հարցին, մեկ բան կարող եմ ասել. Ռուսաստանը ցանկանում է, որ զորքերը հնարավորինս երկար մնան Արցախում։ Որքանո՞վ Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումը, որով Արցախի կարգավիճակը կֆիքսվի, ենթադրենք՝ մշակութային ինքնավարության, կնպաստի ռուսական զորքերի տեղակայմանը Արցախում, իմ գնահատմամբ՝ չի կարող նպաստել, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Արևմուտքը հենց դրան են սպասում, որպեսզի անմիջապես պահանջեն ռուսական զորքերի հեռացում Արցախից 2025-ի նոյեմբերից հետո։

Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրամիությունը չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական նպատակն է Արցախում ռուս զինվորներ չտեսնել 2025-ի նոյեմբերից հետո։ Հետևաբար, այս տրամաբանությամբ պետք է որ Ռուսաստանը շահագրգռված չլինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրով, որը ֆիքսում է Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։

– Եթե կողմերին հաջողի ինչ-որ համաձայնության գալ, ու պատրաստ լինեն ստորագրել այդ պայմանագիրը, դա հնարավոր կլինի՞ առանց Մինսկի խմբի համաձայնության, պարո՛ն Պողոսյան։

– Համաձայնության ընդամենը մեկ տարբերակ կա, եթե կնքվելու է համաձայնագիր՝ դա լինելու է Ադրբեջանի պայմաններով, կամ չի կնքվելու, այսինքն՝ շատ տարբերակներ չկան։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին կամ համանախագահներին․ մեկ տարուց ավելի է, փաստացի երկու տարբեր հարթակներում՝ Մոսկվայում և Բրյուսելում, ինտենսիվ բանակցություններ են ընթանում ամենատարբեր մակարդակներով՝ առանց Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածության։ Հետևաբար պնդել, որ առանց Մինսկի խմբի բանակցություն չի ընթանում, հնարավոր չէ, որովհետև հենց հիմա կա շատ ինտենսիվ բանակցային գործընթաց։

– Այսինքն՝ հետագա զարգացումները հնարավոր են նաև առանց Մինսկի խմբի համանախագահների համաձայնությա՞ն։

– Այո՛, եթե Հայաստանին հարկադրեն կամ համոզեն Ադրբեջանի պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրել, ապա բոլորովին պարտադիր չէ, որ Մինսկի խմբի համանախագահները ներկայացված լինեն։ Վերջին հաշվով, Հայաստանին նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարտադրեցին ստորագրել՝ առանց Մինսկի խմբի համանախագահների։

– Այդ համոզողներն ու պարտադրողներն ովքե՞ր կլինեն, ու այդ սցենարը որքանո՞վ եք հավանական համարում։

– Պարտադրողների թվում առաջին հերթին Ադրբեջանն է ու նրա թիկունքին կանգնած Թուրքիան, որն ուղղակի սպառնում է, որ եթե Հայաստանը դա չանի, ապա իրենք կհարձակվեն Հայաստանի վրա ու տարածքներ կգրավեն, և այդ դեպքում, ասում են՝ ստիպված կլինեք բանակցել արդեն Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում մշակութային ինքնավարություն ստեղծելու շուրջ, դա ուղղակի սպառնալիք է։

Համոզողների առումով, կարծում եմ՝ ԱՄՆ-ն և Եվրամիությունը, որոնք ասում են՝ ինչ-որ ձևով պայմանավորվեք, որպեսզի կարողանանք ռուսներին Ղարաբաղից հեռացնենք՝ շատ լավ իմանալով, որ պայմանավորվելու միայն մեկ ձև կա՝ Ադրբեջանի պայմանները, որովհետև որևէ մեկը նույնիսկ չնչին տոկոսով հիմա չի պատկերացնում, որ հնարավոր է պայմանագիր ստորագրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որով Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը։

Ինչ վերաբերում է ռուսների դիրքորոշմանը․ նրանք կարծես ասում են՝ կոմունիկացիաները բացեք, սկսեք սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա, բայց վստահ չեմ, որ ռուսները ցանկանում են, որ պայմանագիր ստորագրվի Ադրբեջանի պայմաններով։

– Պարո՛ն Պողոսյան, ձեր նշած այս բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս բազմակողմ գործընթացներում հայկական դիվանագիտության կատարած քայլերն ինչպե՞ս եք գնահատում։

– Դժվար է գնահատել, որովհետև 2020 թվականի նոյեմբերի պարտությունից հետո մեր բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքից վերցրել են, ու հիմա մենք ունենք զրո հաղթաթուղթ, իսկ մեր թշնամու ձեռքին կան մեծ թվով հաղթաթղթեր։

Ամեն դեպքում, որքան ես եմ հասկանում, մեր դիվանագիտությունը փորձում է ժամանակ ձգել, ընդ որում՝ իրենք էլ են հասկանում, որ Ադրբեջանը Արցախը կուլ տալու ցանկությունից չի հրաժարվի, կուլ տալուց հետո էլ անցնելու է Հայաստանին, ուստի փորձում են ժամանակ ձգել, որ ինչքան հնարավոր է այդ ժամանակը ուշ գա։

– Իսկ հնարավոր կլինի՞ այդ պահից խուսափել։

– Ի վերջո, մենք կամ պետք է ընդունենք Ադրբեջանի պայմանները, իսկ եթե չընդունենք էլ, հասկանալի է, որ Ադրբեջանը ռազմական ճնշումը կմեծացնի։ Հիմա դա կլինի լայնածավա՞լ հարձակում, թե՞ ոչ՝ միայն Ադրբեջանի ցանկությունից չի կախված: Եթե այդպես լիներ, ադրբեջանական զորքերը վաղուց Կապանում, Գորիսում ու Եղեգնաձորում կլինեին։

Բայց, հասկանալի է, որ Ադրբեջանը պատրաստվում է դրան ու ցանկացած հնարավորության պատուհանի բացման դեպքում ամեն ինչ անելու է՝ Հայաստանից տարածքներ գրավելու համար։ Մեր խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի այդ պատուհանը երբեք չբացվի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am