ՀՀ ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական և քաղաքացիական բժշկության հարցերով մի խումբ պատասխանատուներ այս օրերին ԱՄՆ-ում են

ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական և քաղաքացիական բժշկության հարցերով մի խումբ պատասխանատուներ այս օրերին «Պաշտոնական պատվիրակության ճանաչողական այց» ծրագրի շրջանակում Միացյալ Նահանգներում են: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

ԱՄՆ-ում, ըստ աղբյուրի, նրանք կայցելեն մի շարք ռազմաբժշկական հաստատություններ, կդիտարկեն այդ կառույցներում կիրառվող մարտավարությունները, ընթացակարգերը և կծանոթանան ԱՄՆ փորձին՝ մարտական պայմաններում ձեռք բերած վնասվածքների հետ կապված խնդիրների կարգավորման, պաշտպանական ռեսուրսների տնօրինման և ռազմաբժշկական անձնակազմի ուսուցման ու վերապատրաստման կազմակերպման հարցերում։ «Հուսով ենք, որ այս ճանաչողական այցը կնպաստի Հայաստանում ռազմաբժշկական կրթության համակարգի բարելավման աշխատանքներին», -նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։