Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչները վստահ են՝ ՊԵԿ-ը, միևնույն է, պարտվելու է

Պետական եկամուտների կոմիտեն, այսօր արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատունը շահագործող «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի՝ դատարանում հաղթանակի մասին մամուլի հրապարակումներին, հայտարարել է, թե վաղ է խոսել հաղթանակի մասին, քանի որ իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այսինքն՝ դատական վեճը ՊԵԿ-ի և ընկերության միջև դեռ շարունակվում է:

ՊԵԿ-«Օնիրա քլաբ» դատական հակամարտությունը սկսել էր 2020-ին, երբ կորոնավիրուսային համավարակի հետևանքով տնտեսական գործունեության սահմանափակումների պայմաններում ընկերությունը կանգ էր առել և չէր կարողացել կատարել իր հարկային պարտավորությունները:

Սակայն ՊԵԿ-ը կազմել էր ակտեր ու պահանջել վճարել տուրքը։ «Օնիրա քլաբ»-ը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այդ որոշումները, և արդյունքում դատարանը բավարարել էր ընկերության հայցերը:

Սակայն ՊԵԿ-ն այսօր տարածած հայտարարությամբ տեղեկացրել էր, որ չկատարված հարկային պարտավորությունների գանձման որոշումները կայացվել են օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված պարտավորությունների գանձման նպատակով։

«Ընդգծենք, որ երեք դատական գործերով ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2020 թ. օգոստոսի 3-ի, դեկտեմբերի 9-ի և 2021 թ. հունիսի 17-ի հայցադիմումները՝ հիմքում, ըստ էության, նշվել են վարչական վարույթի ընթացքում թույլ տրված ընթացակարգային նորմերի խախտումները, սակայն ՊԵԿ-ը վարչական դատավարությամբ սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկել է դատական ակտերը, որոնցից երկուսն արդեն 2021 թ. մայիսի 26-ին և հուլիսի 21-ին ընդունվել են վարույթ»,- նշվում էր ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող «Շանգրի լա» խաղատունը շահագործող «Օնիրա քլաբ» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Սմբատ Մինասյանը «Մեդիալաբին» ասում է՝ միևնույն է, վերաքննիչ վարչական դատարանը հաստատելու է, որ ՊԵԿ-ի որոշումներն անհիմն են, և պետական կառույցը պարտվելու է:

«Ճիշտ է՝ այսօր վերջնական դատական ակտ չկա, և այն, որ մամուլը գրում է, թե կա հաղթած կողմ, այդքան էլ ճիշտ չէ, դատական պրոցեսն ընթանում է, և միայն վերաքննիչ վարչական դատարանի որոշումից հետո կարելի է որևէ ստույգ եզրահանգման գալ: Հաղթելը հարաբերական հասկացություն է»,- ասում է Մինասյանը:

Այդուհանդերձ, փաստաբանը պնդում է՝ իրենց բողոքը հիմքեր ունի, և ՊԵԿ-ը պետք է անվավեր համարի հարկային պարտավորությունները կատարելու պահանջի մասին որոշումը: «Որպես իրավաբան՝ ես վստահ եմ, որ մեր բողոքը ճիշտ է, և այդ որոշումը պետք է չեղարկվի: Ակնկալում ենք օբյեկտիվ որոշում: Բայց սպասենք՝ դատարանը կայացնի իր որոշումը: Այն, որ մեր հիմնավորումները առաջին ատյանի դատարանը հաստատել է, միանշանակ էդպես է: Բայց եկեք սպասենք»,- նշում է Մինասյանը:

Նկատենք՝ «Օնիրա քլաբի» հարկային չկատարած պարտավորությունները շուրջ 6 մլրդ դրամ են կազմում, և ՊԵԿ-ը տարբեր որոշումներով պահանջել էր կատարել դրանք, այսինքն՝ կուտակված հարկերը վճարել պետբյուջե: Սակայն ընկերությունը հրաժարվել էր վճարելուց՝ համավարակից բխող սահմանափակումների հետևանքով փակված լինելու պատճառով:

Բացի ՊԵԿ-ից, այս ընկերությունը դատական վեճերի մեջ է նաև ՀՀ ֆինանսների նախարարության հետ. ֆիննախը այս տարվա սկզբին անվավեր էր ճանաչել խաղատան լիցենզիան, քանի որ ընկերությունը չէր վճարել պետական տուրքը: «Օնիրա քլաբ»-ն իր հերթին դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել լիցենզիան դադարեցնելու ֆինանսների նախարարության որոշումը։ Հայցը բավարարվել էր, ու դատարանն անվավեր էր ճանաչել ֆինանսների նախարարության որոշումը։ Սակայն Ֆինանսների նախարարությունն իր հերթին բողոքարկել է որոշումը, և Վարչական վերաքննիչ դատարանում այս գործով նիստերը կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբին:

MediaLab.am