Գագիկ Ծառուկյանը դատարանում հաղթել է ՊԵԿ-ին. Factor.am

Խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՊԵԿ-ի դատարանում բավարարվել է: Արդյունքում Ծառուկյանին պատկանող ընկերությանը չի վճարի ՊԵԿ-ի կողմից արձանագրված 6 միլիարդ դրամի խախտումը, գրում է Factor.am-ը:

Նշենք, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն շահագործում է Աբովյան քաղաքի ճանապարհին գործող «Շանգրի լա» խաղատունը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով Ծառուկյանին պատկանող խաղատունը դադարեցրել էր գործունեությունը և չէր վճարել Հայաստանում խաղատների գործունեության կազմակերպման համար նախատեսված պետական տուրքը: ՊԵԿ-ը «Շանգրի լա»-ին տուգանել էր պետտուրքը չվճարելու համար, իսկ վերջինս էլ վարչական դատարանում բողոքարկել էր պետական գերատեսչության կիրառած սանկցիան:

Հիշեցնենք, որ այս խաղատան գործունեության հետ կապված՝ ԱԱԾ-ն քրգործ է հարուցել 2020 թվականին: ԱԱԾ-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն առանց հատուկ լիցենզիայի ապօրինի խաղատուն է շահագործել «Շանգրի լա»-ի տարածքում, ինչի արդյունքում, ըստ ԱԱԾ-ի, պետությանը պատճառել է մոտ 30 միլիարդ դրամի վնաս։ Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, բայց ԱԱԾ-ն այլ նորություն չի հայտնել:

Նկատենք՝ դատարանը Ծառուկյանի ընկերության հայցը բավարարել է սեպտեմբերի 22-ին: Այս որոշման կայացումից հինգ օր առաջ Գագիկ Ծառուկյանը Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել էր, որ եթե ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականը պահանջի, ապա ԲՀԿ-ն այդ գործընթացին չի միանա: