Ձեր քվեն արժե առնվազն 1 200 000 դրամ կամ ավելի քան 3000$. մտորումներ քվեների առևտրի մասին

Ձեր քվեն արժե առնվազն 1 200 000 դրամ կամ ավելի քան 3000$. մտորումներ քվեների առևտրի մասին
Ձեր քվեն արժե առնվազն 1 200 000 դրամ կամ ավելի քան 3000$. մտորումներ քվեների առևտրի մասին

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները հօդս ցնդեցրին այն դիտողությունները, որ քաղաքացիական հասարակությունը այժմ առավել կայացած է և դժվար կլինի ընտրակաշառքների, զանազան խոստումների և նվիրատվությունների միջոցով քվեներ ստանալ: Համացանցում շրջանառվող տեսանյութը , կարծես Հայաստանի ընտրական համակարգի լակմուսի թուղթը լիներ:

2011 թվականին ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում գրանցված էր 2 460 530 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի, (անհասկանալի է թե 2.8 միլիոն բնակչության մեջ ոնց կարող է 2.46 միլիոնը չափահաս լինել) համապետական ընտրություններում մասնակցությունը կազմում է մինչև 60 տոկոս, և մեկ քվեն արժեզրկվել է մինչև 5000 դրամ, ապա ընտրության մասնակիցների 51%-ի քվեների համախառն արժեքը կկազմի 10 մլն դոլլարից պակաս գումար, դա մոտավորապես JOSE ժամանցային կենտրոնի վաճառքի գնին մոտ գումար է:

Իհարկե շատերը կշեշտեն, որ 5000 դրամով չեն վաճառելու իրենց ձայնը, սակայն եթե քվեները վաճառեն նույնիսկ 100$ (համաձայնվեք, որ հավանականությունը շատ ավելի մեծ է), ապա միևնույն է բացարձակ մեծամասնության կազմելու համար կպահանջվի 75 միլիոն դոլլար:

Ընդունեք, որ երբ անկախ երկրի համապետական ընտրությունների ճակատագիրը և իշխանության ձևավորումը հնարավոր է գնել 75 միլիոն դոլարով, ապա տվյալ երկիրը գտնվում է ահավոր խոցելի և անպաշտպան վիճակներում:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելավ այն փաստը, որ հասարակության մի որոշ մասը այնուամենայնիվ դիտարկում է ընտրություններին իր ձայնը վաճառելը, որպես ընդունելի տարբերակ, ապա նրանք պետք է երկու փաստ իրենց համար հաշվի առնեն:

1. Երբեք ու երբեք, որևէ պարագայում չեն կարող բողոքել որևէ անարդարությունից, տնտեսական իրավիճակից, գործազրկությունից, իրավունքների ոտնահարումից, քանի որ վաճառել են արտահայտվելու և պետության կառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը

2. Իսկ որպես տնտեսագիտական վերլուծություն՝ հասկանան թե ինչքան կարող է արժենալ իրենց քվեն:

Այնպես որ, հարգելի ձեր եսը վաճառողներ, եթե դուք դուք թքած ունեք ձեր երկրի վրա, թքած ունեք ձեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձեր անձնագրի վրա, թքած ունեք պետության կառավարմանը մասնակցելու ձեր իրավունքի վրա ու թքած ունեք ձեր երեխաների ու թոռների ապագայի վրա, ապա գոնե իմացեք, որ ձեր եկամուտների առնվազն 40% տարատեսակ հարկերի և տուրքերի տեսքով վճարում եք իշխանություններին, (եկամտահարկ, սոցիալական ապահովության վճար, ապրանքների գնի մեջ մաքսատուրք, ավելացրած արժեքի հարկ, ակցիզային հարկ) և դրանով լիազորում պետական մարմիներին ղեկավարել այդ գումարները և իրականացնել պետության կառավարման համար անհրաժեշտ ֆինանսական գործարքները, ֆինանսավորել դպրոցները, մանկապարտեզները, բանակը, ոստիկանությունը և հենց իրենց՝ պետական աշխատողների աշխատավարձը:

Եվ եթե դուք ամսեկան ստանում եք նույնիսկ 50 000 դրամ ապա ձեր քվեն յուրաքանչյուր 5 տարին մեկ անցկացվող ընտրությունների ժամանակ արժե առնվազն 1 200 000 դրամ կամ ավելի քան 3000$ (50 000 դրամ եկամուտ X 40 % X 12 ամիս անգամ 5 տարի), քանի որ ձեր քվեի դիմաց ստանալով 5000 դրամ կամ 100 $ դուք վերադարձնում եք նրանց առնվազն 3000 $:

Հմայակ Հարությունյան

© Medialab.am