Նինա Հաչիկյանը նշանակվել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության Քաղաքականության խորհրդի անդամ

Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարաբերություններ գծով առաջին տեղակալ Նինա Հաչիկյանը նշանակվել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության Քաղաքականության խորհրդի անդամ։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ)։

Նշենք, որ խորհրդի անդամներից են նաև Մադլեն Օլբրայթը և Հենրի Քիսինջերը:

ԱՀՀ-ն տեղեկացնում է, որ դիվանագետ և քաղաքական գործիչ Նինա Հաչիկյանը, որը Լոս Անջելեսի քաղաքապետի առաջին տեղակալն է եղել, բեղմնավոր կարիերա է ունեցել․ եղել է ԱՄՆ դեսպան Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայում, որտեղ նա ռազմավարական գործընկերության ու նախաձեռնությունների համար արժանացել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրագույն պատվավոր մրցանակին:

«Համագումարը շնորհավորում է դեսպան Հաչիկյանին այս հեղինակավոր նշանակման առիթով։ Հաշվի առնելով դեսպանի տասնամյակների փորձառությունը և խորը գիտելիքները՝ կասկած չունենք, որ նա գերազանց կկատարի իր ծառայությունը», – հայտարարել են ԱՀՀ համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը։