«Կառավարությունը համարում է, որ ժողովուրդը շատ լավ օլիգարխիայի վարկերը մարում է». Արմեն Մարտիրոսյանը՝ ՀԷՑ-ի նոր վարկի մասին

«Կառավարությունը համարում է, որ ժողովուրդը շատ լավ օլիգարխիայի վարկերը մարում է». Արմեն Մարտիրոսյանը՝ ՀԷՑ-ի նոր վարկի մասին
«Կառավարությունը համարում է, որ ժողովուրդը շատ լավ օլիգարխիայի վարկերը մարում է». Արմեն Մարտիրոսյանը՝ ՀԷՑ-ի նոր վարկի մասին

Կառավարության համաձայնությունը` ՀԷՑ-ի 70 տոկոս բաժնետոմսերի դիմաց 160 մլն դոլար նոր վարկ վերցնելուն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «ոչ հրապարակային» գործունեություն է համարում:

«ՀԷՑ-ի վարկը պետական գաղտնիք չէր, որ կառավարությունն առանց հանրությանը մանրամասներ ու հիմնավորումներ ներկայացնելու համաձայնություն տար: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը ոչ մի դժգոհությունից դասեր չի քաղում, և քանի կարողանում է, ոստիկանական զորքերն օգտագործելով, իր իշխանությունը պահում է,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը, հավելելով, – բնականաբար, ցանկացած վարկ, որ վերցվում է, դրա համար մենք բոլորս ենք վճարում: Այս վարկի սպասարկումն էլ մտնելու է սակագնի մեջ: Պարզապես երբ միջազգային պրակտիկայում գումար են վերցնում, ներդնում են էֆեկտիվությունը բարձրացնելու, կորուստները նվազեցնելու համար, և արդյունքում, եթե ինչ-որ պահի էլ գինը բարձրանում է, հաջորդ պահին անպայման նվազում է: Մեզ մոտ քանի որ գնի նվազման պրակտիկա չկա, միայն գնի բարձրացման պրակտիկա է, իհարկե խնդիր կարող է առաջանալ»:

Հիշեցնենք, որ «Տաշիր կապիտալ» ընկերությունը խնդրել էր Հայաստանի կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով` որպես ապահովման միջոց ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9 տոկոսը կազմող 172.496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար: ՀՀ կառավարությունն էլ տվեց իր համաձայնությունը՝ առանց բացատրելու, թե ինչո´ւ է առանց այդ էլ հսկայական վարկային պարտավորություններ ունեցող ՀԷՑ-ը նոր վարկ վերցնում:

Բացի այդ, կառավարության որոշման մեջ նշված չէ, թե որքա´ն գումար վարկի դիմաց են գրավադրվում ՀԷՑ-ի բաժնետոմսերը: Նաև այդ պատճառով լրատվամիջոցներով նախ տեղեկություն տարածվեց, թե խոսքը 80 մլն դոլար վարկի մասին է, ապա դա դարձավ 160 մլն դոլար:

Արմեն Մարտիրոսյանը նկատում է, որ կառավարության որոշման մեջ բացարձակ տեղեկություն չկա, թե ինչ պայմաններով և նպատակով է վարկը տրվել ՀԷՑ-ին:

«Կառավարությունը բացատրություն չի տալիս, թե ինչի´ համար է, ի վերջո, ՀԷՑ-ն այդքան վարկ վերցնում: Սա հանրային ծառայություն է, բոլորիս վրա ազդեցություն ունի, և, բնականաբար, որոշակի քննարկում պետք է անցներ, բայց Հայաստանի կառավարությունը համարում է, որ 10 հազար դրամները բաժանել է, ընտրությունները կեղծել, ոստիկանական մահակը ձեռքն է, ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրի. ժողովուրդը շատ լավ իշխանության, օլիգարխիայի վարկը փակում է, ինչը եղավ նաև գազի պարագայում»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը, հիշեցնելով, որ ՀԷՑ-ի վաճառքի ժամանակ այն 220 մլն դոլարի վարկային պարտավորություն ուներ և 16 մլրդ դրամի պարտք, և այս հանգամանքը նաև պատճառ դարձավ Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման համար:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը մամուլում ասել էր, որ եթե ՀԷՑ-ը վարկը վերցնում է նախկինում վերցրած վարկերը վերակառուցելու և ավելի էժան վարկային պարտավորություն ունենալու համար, ապա դա դրական է:

Օրինակ՝ ըստ Մանուկյանի, ՀԷՑ-ի նախկին սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը իր մեկ այլ ընկերությունից՝ «Իտերա»-ից 40 մլն վարկ էր վերցրել ՀԷՑ-ի համար շուկայականից բարձր՝ 10 տոկոսով, և այժմ ՀԷՑ-ը դա մուծում է:

Սակայն դեռ հուլիսի 3-ին ՀԷՑ-ի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ խոսք չկա նախկին վարկերի վերակառուցման մասին: Ըստ այդ տեղեկատվության՝ Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 80 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:

«Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավելու մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով. 2016 թ. մոտ 10%-ից մինչև 2021 թ.-ը հասցնելով 8%-ի: ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի և դրա բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները և շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման և անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաև՝ ներդնել կառավարման միջազգային չափանիշներ և վերահսկման ավտոմատացված համակարգ»,- նշված է այնտեղ:

Ուշագրավ է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրվելիք 80 մլն դոլարի վարկի մասին որևէ տեղեկատվություն չկա ՀԷՑ-ի պաշտոնական կայքում:

Ի դեպ, մամուլի տեղեկություններով՝ անցյալ տարի Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին» պատկանող ՀԷՑ-ը 110 միլիոն դոլարի մաքուր եկամուտ է ապահովել մոտ 80 մլն պարտք վճարելուց հետո։

Մարինե Խառատյան

MediaLab.am