Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվեց «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» արժեքով

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվեց «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» արժեքով
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվեց «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» արժեքով

2019 թ. մարտի 14-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը:

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը»:

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվեց ևս մեկ՝ «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» արժեքով, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ հայտ ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու հանգամանքով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի հայտեր ներկայացնելու ընթացա­կարգային մի շարք որոշումներով խրախուսվում է տարբեր անդամ պետությունների համատեղ հայտերի գրանցումը: Որպես համաքրիստոնեական կանգուն հնագույն սրբատեղի և իբրև համամարդկային մշակութային արժեք՝ 1955 թվականից վանքը ներառված է Իրանի պատմական հուշարձանների, իսկ 2008 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում «Իրանի հայկական վանական համալիրները» անվանակարգով:

«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» տարրի գրանցմամբ կարժևորվի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈՒՆԵՍԿՕ են ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո միայն:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։