«Մոդեռնայի»՝ կորոնավիրուսային պատվաստանյութի նախնական փորձարկումը հուսադրող արդյունքներ է տվել

Moderna Therapeutics ընկերությունը, («Մոդեռնա») որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, այսօր հայտարարել է, որ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի նախնական փորձարկումը հաջողությամբ է ավարտվել։  Այս մասին տեղեկացնում է «Վաշինգտոն փոստը»։

Ընկերությունը հաղորդել է, որ փորձարկում անցած ութ հիվանդի մոտ մեկուկես ամիս անց ցածր և միջին դեղաչափերով ներարկված պատվաստանյութը ապահովել է վիրուսի դեմ պայքարող հակամարմինների այնպիսի մակարդակներ, որոնք նման էին կամ ավելի շատ, քան վերականգնված հիվանդների մոտ հայտնաբերվածները:

Այս արդյունքները ենթադրում են, բայց չեն ապացուցում, որ պատվաստանյութը որոշակի աստիճանի իմունիտետ է առաջացնում այն ստացած մարդկանց մոտ։ 

Ըստ «Վաշինգտոն փոստի»՝ տվյալները հուսադրող են, բայց սա ընդամենը առաջին քայլն է, մինչդեռ պատվաստանյութերի ուսումնասիրությունները պահանջում են լայն փորձարկումներ հազարավոր հիվանդների մոտ, որոնք կարող են տևել բազմաթիվ ամիսներ կամ անգամ տարիներ։ 

MediaLab.am