Ադրբեջանի կողմից գերեվարվածի դին հայտնաբերվել է Հադրութում, ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի՝ նա վերջերս է սպանվել․ Azatutyun.am

Այսօր Ստեփանակերտում հուղարկավորեցին պատերազմի մասնակից Արսեն Ղարախանյանին։ 43-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր որոնողական աշխատանքների ընթացքում։ Կինը՝ Վարդուհի Ղարախանյանը տարակուսում է՝ ինչպե՞ս կարող էր Ադրբեջանի կողմից գերեվարված ամուսինը հայտնվել Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարածքում։

«Այսօր իր ծնունդն է, իր հուղարկավորությունն է: Պիտի ճշտեն, տեսնեն` ի՞նչ է եղել», – նշում է կինը:

Վերջինս ասաց՝ ամուսնու մարմնի վրա հրազենի հետքեր կան։ Կրակել են սրտին։

4 երեխաների հայրը ադրբեջանցիների կողմից գրավված Հադրութի բնակիչ էր։ Պատերազմին կամավորագրվել էր։ Ընտանիքը նրանից երեք ամիս լուր չուներ։ Կինը պատմում է, որ հունվարի սկզբին ամուսնուն տեսել էին համացանցում ադրբեջանցիների տարածած տեսանյութերում, ուրախացել. «Ամեն օր սպասում էինք, ասում էինք` երևի իր ծնունդին էստեղ կլինի: Ինքը Հադրութում է եղել, ինքը միշտ էնտեղ է կռվել, վերջին անգամ հոկտեմբերի 8-ին խոսացել է երեխաների հետ, ասել է` ո՞նց եք: 9-ին չենք խոսացել իր հետ, 9-ից լուր չունեինք»:

Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում ևս տարակուսեց՝ ինչպե՞ս կարող էր ադրբեջանական գերության մեջ գտնվող ռազմագերին հայտնվել Արցախում. «Մանրամասները չգիտեմ` դիակը ոնց է հայտնվել, բայց մեր տեղեկություններով` սպանվել է ոչ շատ վաղ օրերին, (մոտ օրերս) է սպանվել, դա նշանակում է` դատարանի կողմից որոշումը կիրառելուց հետո է սպանվել, և որը նշանակում է, որ առավել ևս նրանք կոպտագույն խախտել են կոնվենցիան: Հիմա արդեն հանգամանքները, թե իրենք ոնց են արել, հետո բերել են, թե տեղում է եղել, բայց ամեն դեպքում դա վկայում է կոնվենցիայի շատ կոպիտ խախտման մասին, որը անպայման արձանագրելու ենք և ներկայացնում ենք մեր դիմումի մեջ»:

Մանրամասները՝ Azatutyun.am-ում