ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը եւ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը մարտի 26-28-ը մասնակցել են Միլանում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։

Նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցմանը, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանը եւ ինքնության խեղաթյուրմանը:

Նիստի ընթացքում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մաքսիմոս Խարակոպուլոսը վերահաստատել է կազմակերպության 29-րդ Գլխավոր վեհաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը: