Նախագահ Սարգսյանը Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ավելի վաղ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ իրեն ուղղված շնորհավորանքների, մաղթանքների ու աղոթքների համար:

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված ուղերձում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ներկայիս տագնապալի ժամանակներում, երբ նոր կորոնավիրուսի համավարակը մարդկանց կանգնեցրել է առողջական, սոցիալական ու տնտեսական լուրջ խնդիրների առջև, և մեր պետական հաստատություններն ու համապատասխան կառույցներն անում են հնարավոր ամեն ինչ՝ դիմակայելու այդ վարակին, հանրությունը նմանապես կարիք է զգում Ձեր խոսքի և հորդորի:

Այս պայմաններում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ձեր հովվապետությամբ առավելագույն ճիգեր է ի գործ դնում՝ աջակից լինելու հավատացյալ ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում։

Մաղթենք զորություն հայոց պետությանը և Ձեր հայրապետությամբ՝ Սուրբ Եկեղեցուն, առողջություն ու ապահովություն մեր ժողովրդին»։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին ուղղված՝ նախագահի խոսքում մասնավորապես ասվում է. «Ներկայիս բարդ ժամանակներում, երբ մարդիկ ստիպված են լարել իրենց ուժերն ու մեծ ջանքեր գործադրել, ավելի է մեծանում Եկեղեցու և հավատքի դերը մեր կյանքում։

Թող Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը հարստացնի յուրաքանչյուրիս հոգին ու տունը, իսկ Ձեզ համար դառնա կենարար աղբյուր՝ ի փառս Հայոց Սուրբ Եկեղեցու և ի ապահովություն մեր աշխարհասփյուռ ժողովրդի, Հայաստանի և Արցախի»։ 

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։