Իրանի զինված ուժերը վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Այս տեսակի սպառնալիքները, ըստ էության, ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը արդարացնելու փորձ են։ Եթե դրանք իրականացվեն, Իրանի զինված ուժերը, անկասկած, վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն»,- Արաղչիի խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Արաղչին նաև նշել է, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հնարավոր հարվածները կործանարար հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար։
«Նման իրավիճակի հետևանքները չեն սահմանափակվի միայն Իրանով և տարածաշրջանով։ Դրանք լուրջ հարված կհասցնեն համաշխարհային էներգետիկային և տնտեսությանը։ Դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու են ագրեսորները»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։
Ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին, եթե մինչև ապրիլի 6-ը չբացվի Հորմուզի նեղուցը։



















