Կառավարությունը պետծառայողների համար սկսում է բնակարանային նոր ծրագիր

Արմենպրես – Կառավարությունը հաստատեց Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևանի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Քաղաքաշինության նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նշեց, որ համալիրի 619 բնակարաններից սույն որոշմամբ սահմանված կարգով վաճառքի ենթակա են 345-ը, որոնք այս որոշման մեջ նշված շահառուներին կհանձնվեն 2 փուլով. մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 200 և մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը՝ 145 բնակարան:

Շենքային համալիրի բնակարանների ու ավտոկայանատեղիների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ անունից՝ կազմակերպում և ղեկավարում է Քաղաքաշինության կոմիտեն:

Այդ 345 բնակարաններից չբաշխված բնակարանների վերաբերյալ կոմիտեի կողմից գրավոր տեղեկատվություն ստանալուց հետո կառուցապատողն իրավունք ունի ինքնուրույն, իր հայեցողությամբ, առանց պետության կամ որևէ այլ անձի նախնական համաձայնության օտարել այդ չբաշխված բնակարանները։

Այս ծրագրի մասով պետությունը որեւէ ֆինանսական պարտավորություն չունի. «Պետության դերն առավելապես կազմակերպչական և վերահսկողական է լինելու: Պետության մասնակցության բաղադրիչը երաշխավորված պահանջարկի ապահովումն է և եկամտահարկի վերադարձն է որպես նորակառույց բնակարանի ձեռքբերում: Ծրագրի շահառուները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց աշխատավայրը գտնվում է Երևանում: Շահառու լինելուն կարող են հավակնել նաև ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցները, այլ երկրներում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք:

Բնարականների մեկ քմ-ի արժեքը ներքին հարդարմամբ 345 հազար դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 հազար դրամ: Ավտոկայանատեղիի արժեքը 2,5 մլն դրամ է: Կանխավճարը 10 տոկոս է, իսկ վարկի մարման ժամկետը՝ մինչև 20 տարի։ Վարկի տոկոսադրույքը 10 տոկոս է: Բնակարաններն ու ավտոկայանատեղիները բաշխվելու են վիճակահանությամբ: Ավտոկայանատեղիների ձեռքբերումը կամավոր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ղուլարյանը՝ ավելացնելով, որ շինարարությունը սկսվելու է մոտ օրերս։