ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ
ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ
18.01.2011
Մենք կրել ենք ֆիզիկական ու հոգեկան այն տառապանքները, որ կրում են, թերեւս, բոլոր քաղբանտարկյալները։ Մեզ համար շատ ավելի ծանր են եղել հոգեկան տառապանքները, որոնք չեն վերացել, քանզի անազատության մեջ են մնացել մեր մյուս քաղբանտարկյալ ընկերները։
Մեր հասարակությունը լիակատար տեղեկացված է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին։ Տեղեկացված է նաեւ, որ այդ երեւույթը խիստ անընդունելի է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տեսանկյունից, ինչի ջատագովն է հենց Եւրոպայի Խորհուրդը։
2008թ. մարտի 1-ին իշխանության իրականացրած արյունալի ջարդից եւ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից անմիջապես հետո (ինչը Դուք բնութագրեցիք որպես «քաղաքական վենդետա») միջազգային հանրությունը, մասնավորապես ի դեմս ԵԽԽՎ-ի բանաձեւերի, ԵՄ նախագահության հայտարարությունների, դա համարել է քաղաքական հետապնդում ու պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։ Մենք քաջ տեղեկացված ենք նաեւ ականատեսն ենք եղել այդ ուղղությամբ մասնավորաբար Ձեր՝ Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի անկեղծ եւ արդյունավետ ջանքերին։
Ցավոք այդ ջանքերի տրամաբանական խորացում չեղավ, եւ Հայաստանում դեռ այսօր էլ քաղբանտարկյալներ կան։ Այս հիմքի վրա հասարակության մեջ տարածվում ու արմատավորվում է այն պատկերացումը, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոտնահարումների, դրանց ամենացայտուն դրսեւորումը հանդիսացող քաղբանտարկյալների առկայության փաստը կա՛մ համապատասխան միջազգային կառույցների անզորության, կա՛մ իշխանության հետ գործարքի արդյունք է։ Ուստիեւ կոչ ենք անում՝ գործի դնելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի Ձեր ողջ ազդեցությունն ու հնարավորությունները, հասնել քաղբանտարկյալ մեր ընկերների անհապաղ ազատ արձակմանը՝ մեզ ազատելով հոգեկան տառապանքից, ԵԽ անդամ Հայաստանը՝ քաղբանտարկյալներ պահելու խայտառակությունից, Եւրոպան՝ դա հանդուրժելու ամոթից։
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ