Ես չեմ հասկանում՝ ինչու է հաղթանակից հետո Ադրբեջանը նման գործողությունների գնում․ հաղթող կողմը, սովորաբար, մեծահոգի է լինում. Լևոն Տեր-Պետրոսյան. տեսանյութ

Հայաստանի պետական սահմանում ստեղծված իրավիճակը քաղաքական խնդիր և հոգեբանական խնդիրների պատճառով է։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա բացատրել է՝ ինչ նկատի ունի.

«Քաղաքականը հետևյալն է՝ Ալիևը համոզված է, որ Փաշինյանը չի հաղթելու այս ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է ինչքան հնարավոր է, շատ բան կորզել նրանից։ Հոգեբանականը Ադրբեջանի՝ երեսուն տարվա նվաստացած վիճակն էր պարտվելուց հետո։ Դա ծանր բեռ է, դուք զգում եք․ մենք նոր ենք պարտվել, ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում։ Ալիևը ժողովրդին է դիմում դրանով․ իր այդ հոգեբանական վիճակից դուրս գալու խնդիրը որ ուներ, իր ժողովրդին պարտք էր։ Նույն բանը, ինչ որ հիմա հայ ժողովուրդը պահանջում է Նիկոլից պարտված վիճակում, նույն բանը Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ պահանջել է նրանից»:

Առաջին նախագահի խոսքով, իր համար սակայն անհասկանալի է, թե ինչու է հաղթանակից հետո Ադրբեջանը այդ կերպ իրեն պահում, քանզի հաղթող կողմը սովորաբար, մեծահոգի է լինում:

«Ես չեմ հասկանում, թե ինչու է հաղթանակից հետո Ադրբեջանը նման գործողությունների գնում․ հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթող կողմը պարտված հակառակորդի նկատմամբ մեծահոգի է լինում բոլոր պատերազմներից հետո, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին», -հավելել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այնուհետև ՀՀ առաջին նախագահը մի դրվագ է պատմել արցախյան առաջին պատերազմի ավարտից.

«Մեր հաղթական պատերազմներից հետո ունեինք ադրբեջանցի գերիներ, Ադրբեջանն ուներ հայ գերիներ՝ մոտ 20-25 հոգի։ Ես միակողմանի որոշեցի Ադրբեջանի գերիներին վերադարձնել, դիմեցի «Կարմիր Խաչ»-ին, տվեցին ցանկը և ասացի՝ ես ազատում եմ, թող գնան Ադրբեջան։ Իմ կողքի մարդիկ՝ Վազգեն Սարգսյանն էր, Սերժ Սարգսյանը, ասացին՝ բա որ նրանք հետ չտա՞ն։ Ասացի՝ հանգի՛ստ մնացեք, ես Հեյդար Ալիևին գիտեմ։ Հանգիստ գնացին, նույն օդանավով մեր բոլոր գերիները վերադարձան»։