Փարիզյան հանդիպումներ. ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ներկայացնում է «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը Կոմիտաս Վարդապետի  155-ամյակի շրջանակում:

Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան արարողություն։

Նույն օրը՝ Ժամը 16:00-ին, ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես, որը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն շուրջ 150 արխիվային փաստաթղթեր,  լուսանկարներ, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից՝ վավերագրեր և լուսանկարներ, Հայաստանի ազգային պատկերասրահից՝ կտավներ, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտից՝ Լալուա ընտանիքի արխիվի փաստաթղթեր։ Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված կլինեն Մարգարիտ Բաբայանի գործունեության տարբեր ոլորտներին՝ ներկայացնելով Մարգարիտ Բաբայանի և Կոմիտաս վարդապետի մտերմությունը նամակագրության միջոցով։

Միջոցառման նպատակն է ցուցադրության ձևաչափով ներկայացնել Մարգարիտ Բաբայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև 20-րդ դարի Ֆրանսիայի հարուստ մշակութային կյանքը։

Ժամանակավոր ցուցադրությանն աջակցել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանի Ֆրանսիական համալսարանը, «Արդշինբանկը», «Վելոիա Ջուր» ընկերությունը, «Արարատ» կոնյակի գործարանը։