«Իրենք իրենց թոյնով ու նախանձով էլ թող տապակուեն…». Պարույր Հայրիկյանի պատասխանը` Ամստերդամից

Մինչ երեկվանից չեն դադարում ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին ՀՀ կառավարության կողմից 20.5 մլն դրամ ապաքինման համար տրամադրած գումարի շուրջ բուռն քննարկումները, Հայրիկյանն արդեն մեկնել է Հոլանդիա` բուժումը շարունակելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը թեկնածուներից մեկն էր, նրա հանդեպ մահափորձ էր կատարվել հունվարի 31-ին: Հրազենային վնասվածքով Հայրիկյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Սակայն մահափորձն ու վիրավորված լինելը չէին խոչընդոտել եւ Հայրիկյանը չէր հետաձգել ընտրությունների օրը, ինչւ իրավունքն ուներ սահմանադրորեն:

Շատերը Հայրիկյանի հանդեպ ցուցաբերած կառավարության նմանօրինակ շռայլությունը հենց բացատրում են իշխանությունների կողմից արված պատասխան քայլով:

Այսօր արդեն Պարույր Հայրիկյանը ի պատասխան բազում քննադատական խոսքերի Ֆեսյբուքի իր էջում գրառում է կատարել հենց Ամստերդամից:

«Սիրելի բարեկամներս,

Երեկ երախտագիտութիւն յայտնելով հրաժեշտ տուեցի Կարմիր Խաչի բուժաշխատողներին եւ այսօր վաղ առաւօտեան ճանապարհուեցի Եւրոպայ։ Վախենում էի երկար ճանապարհի դժուարութիւններից, բայց յաղթահարուեց։ Օգնեց այն, որ կանգառ կար Կիեւում։ Կէսօր չեղած արդէն Ամստերդամում էի։ Մերոնք դիմաւորեցին եւ արդէն հասցրինք առաջին նախնական այցն անել բժշկին։ Առաջին խօսքն այն էր, որ այդպիսի կրակոցից յետոյ հրաշք է ողջ լինելս։

Իմացայ, որ որոշ խղճուկներ խիստ յուզուել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր առողջապահական համակարգն է մասնակցելու։

Ուշադրութիւն մի դարձրեք. անորակութիւններ եղել են ու կմնան։ Երբ երկու ամիս տառապագին ցաւերի մէջ էի, դրանք չկային, ինչպէս եւ չկային դրանց ծնողները, երբ իմ ծնողները երկու տասնամեակ իմ վերադարձին էին սպասում։ Հիմա երբ լսել են, որ պետութիւնն իմ հանդէպ էլ է անում այն, ինչ պարտաւոր է անել ցանկացած պետութիւն, կատաղել են։ Իրենք իրենց թոյնով ու նախանձով էլ թող տապակուեն…

Հոլանդնայում եմ, բայց ամեն ինչ կախուած է ապաքինման ու վերականգման ընթացքից…

Ամենայն բարիք բոլորիս…»։

© Medialab.am