Արցախում 1900 հատ պայուսակ կկարվի․ առաջին դասարանցիներին են նվիրելու. ԱՀ ԿԳՄՍՆ

«Հայ կրթական հիմնարկություն»  հիմնադրամը այս տարի  առաջին դասարան հաճախող արցախցի փոքրիկներին պայուսակներ կնվիրի։

««Հայ կրթական հիմնարկություն»  հիմնադրամը սիրով հանձն է առել  այս տարի  առաջին դասարան հաճախող  մեր փոքրիկներին նվիրել թվով 1900 դպրոցական պայուսակ։ Պայուսակներն, ի դեպ,  կարվելու են հենց  Արցախում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։ Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված  «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ բարի մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ` առաջինցիներին նվիրելու համար։

ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնում «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամին,  բոլոր բարեգործներին ու մեր բնակիչներին` ակցիային արձագանքելու և մասնակցելու համար։

«Լույսի պայուսակ» ակցիան, այդուհանդերձ, դեռ կշարունակվի։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, որոնք հնարավորություն չեն ունենա ձեռք բերել խանութներից», – նշված է Արցախի ԿԳՄՍ նախարարության հայտարարությունում։