Ում է ձեռնտու բոյկոտը եւ ում՝ ոչ

Ում է ձեռնտու բոյկոտը եւ ում՝ ոչ
Ում է ձեռնտու բոյկոտը եւ ում՝ ոչ

Երեկվա զարգացումներից հետո առաջիկա նախագահական ընտրությունները միասնաբար բոյկոտելու հնարավորությունն, ըստ էության, անհնար դարձավ։

Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքական որոշ ուժեր այս ընթացքում քննարկել են 2013-ի ընտրությունները բոյկոտելու հնարավորությունը, որոշները դա չեն բացառում։ Այս ընթացքում բոյկոտի մասին խոսել են, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իսկ երեկ էլ կայքերից մեկը հրապարակեց, որ մի խումբ ուսանողներ շրջում են տարբեր կուսակցությունների գրասենյակներով հւ առաջարկում միանալ իրենց «Բոյկոտ, ոչ» շարժմանը։

Երեկ, սակայն, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին։ Եւ Բագրատյանը կտրականապես դեմ է բոյկոտին։ Ու քանի որ մեզ հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետը հաստատեց, որ իր որոշումը վերջնական է, նրան հարցրինք.

– Պարոն Բագրատյան, այս օրերին շատ է խոսվում նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին, հնարավո՞ր է, որ ի վերջո դուք էլ որոշեք բոյկոտել ընտրությունները։

– Դա «հայկական տրամաբանություն» է։ Ես այդ տրամաբանությանը դեմ եմ։

– Կհիմնավորե՞ք՝ ինչու։

– Շատ պարզ, եթե մենք վախենում ենք պարտվել Սերժ Սարգսյանին, ուրեմն՝ վախկոտ ենք, այսպիսով՝ մենք նախագահական ընտրություններում, իմ կարծիքով, կարող ենք բոյկոտել միայն ինքներս մեզ։