Ինչ են նախատեսում ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը անդամ երկրների տարածքային ամբողջականության խախտման դեպքում․ FIP.am

Ադրբեջանական զինուժը մայիսի 12-ին առաջ է եկել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում` խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանցի զինվորականները խորացել են Հայաստանի Հանրապետության տարածքում 3.5 կմ: Դա ապացուցվում է նաև FIP.am-ի իրականացրած հետաքննությամբ և տեղորոշմամբ: 

Այս կապակցությամբ պաշտոնական Երևանն արդեն դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ):

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ են նախատեսում իրենց անդամ-երկրներից մեկի տարածքային ամբողջականության խախտման դեպքում երկու միջազգային կազմակերպությունները՝ ՀԱՊԿ-ն և Միացյալ ազգերի կազմակերպությունը:

Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Մայիսի 12-ի կեսօրին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժն առաջ է եկել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում:

Մայիսի 13-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ ոչ միայն Սյունիքում, այլև Գեղարքունիքում: 

Մայիսի 14-ին արդեն Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ «առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար»:  

ՀԱՊԿ-ի կանոնադրությունը

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: 1993 թ. սեպտեմբերին պայմանագրին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Սակայն հետագայում Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվեցին անդամակցությունը երկարաձգելուց: Կազմակերպությունից հեռացավ նաև Ուզբեկստանը: Ներկայում կազմակերպության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը և Ղրղզստանը:

ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում և զարգացնում:

4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով: 

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի մասին» կանոնակարգի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առկայության դեպքում այն կանխելու (կարգավորելու) համար համաձայնեցված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ցանկացած անդամ-պետության առաջարկով, անմիջապես՝ ոչ ուշ, քան Խորհրդի նախագահին դիմելուց հետո երեք օրվա ընթացքում, գործի է դրվում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի մասին կանոնակարգի 3.6 կետի համաձայն՝ Ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առաջացման դեպքում Պաշտպանության նախարարների խորհուրդն Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հետ միասին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ կոլեկտիվ որոշումներ կայացնելու և իրականացնելու կարգի կանոնակարգի համաձայն, մշակում և Խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուժերի և միջոցների կազմի, ժամկետի, տեղակայման և օգտագործման վերաբերյալ առաջարկներ, որոնք անհրաժեշտ են.

— ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության տարածքում նախազգուշական տեղակայման համար,

— ՀԱՊԿ մեկ կամ ավելի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը կանխելու կամ հետ մղելու համար,

— ՀԱՊԿ անդամ պետություններում բռնի գործողությունների կանխարգելման, զսպման և դադարեցման համար:

3.9 կետի համաձայն՝ Խորհրդի, Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների խորհուրդների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի քննարկմանը ներկայացված փաստաթղթերի նախագծերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից «Շատ հրատապ» և «Հույժ հրատապ» կնիքով ուղարկվում են համապատասխան պաշտոնատար անձանց՝ ստանալուց անմիջապես հետո:

4.5 կետի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակի դեպքում ՀԱՊԿ-ն դիմում է դրանում ներգրավված կողմերին՝ իրավիճակը սրող գործողությունները դադարեցնելու կոչով: Եթե այս դիմումը դրական ազդեցություն չի ունում իրավիճակի վրա, ՀԱՊԿ-ն իր լիազորությունների շրջանակում գործողություններ է իրականացնում: Կազմակերպություններն իր գործողությունների մասին նախապես հայտնում է ՄԱԿ-ին:

Համատեղ գործողություններ իրականացնելու մասին որոշում կայացնելուց հետո անդամ-պետությունները պետք է վավերացնեն այն իրենց երկրներում՝ ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում (5.2 կետ):

Ինչ է նախատեսում ՄԱԿ-ը

Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին:

ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:

Կանոնադրության 7-րդ գլխում նշվում են այն միջոցառումները, որոնք պետք է իրականացնել խաղաղության նկատմամբ ցանկացած սպառնալիքի, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայության դեպքում: 

Իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նախքան հանձնարարականներ տալը կամ 39 հոդվածով նախատեսված միջոցներին դիմելու որոշումը կարող է պահանջել շահագրգիռ կողմերից կատարելու այն ժամանակավոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ կամ ցանկալի կհամարի: Նման ժամանակավոր միջոցառումները չպետք է լինեն ի վնաս շահագրգիռ կողմերի իրավունքներին, հավակնություններին կամ դիրքին: Անվտանգության խորհուրդը հարկ եղած կերպով նկատի է առնում նման ժամանակավոր միջոցառումները չկատարելը: 

Երբ Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունում ուժ կիրառելու մասին, ապա նախքան Անվտանգության խորհրդում չներկայացված անդամից պահանջելը զինուժ տրամադրել ստանձնած պարտավորությունները կատարելու համար, այդ անդամի ցանկությամբ Անվտանգության խորհուրդը հրավիրում է նրան մասնակցելու իր զինված ուժերի զորախմբերի օգտագործմանը վերաբերող քննարկումներին:

Միավորված ազգերի կազմակերպության համար անհապաղ ռազմական միջոցառումներ ձեռնարկելու հնարավորություններ ապահովելու նպատակով կազմակերպության անդամները պետք է կազմ ու պատրաստ պահեն իրենց ազգային ռազմաօդային ուժերի զորամիավորումները՝ համատեղ հարկադրական գործողությունների համար:

Զինված ուժերի կիրառման պլանները կազմվում են Անվտանգության խորհրդի կողմից Զինվորական սպայակույտի կոմիտեի օժանդակությամբ:

Ստեղծվում է Զինվորական սպայակույտի կոմիտե, որպեսզի խորհրդատվություն և օգնություն ցուցաբերվի Անվտանգության խորհրդին այն բոլոր հարցերով, որոնք առնչվում են Անվտանգության խորհրդի ռազմական կարիքներին՝ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար, նրա տրամադրության տակ դրված զորքերի օգտագործմանն ու ղեկավարմանը, ինչպես նաև սպառազինությունների կարգավորմանն ու հնարավոր զինաթափմանը:

Հոդված 49-ի համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամները պետք է միավորվեն փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար Անվտանգության խորհրդում որոշված միջոցառումներն իրականացնելու համար:

Իսկ 50-րդ հոդվածում նշվում է, որ եթե Անվտանգության խորհուրդը կանխարգելիչ կամ հարկադրական միջոցներ է ձեռնարկում որևէ պետության դեմ, ցանկացած այլ պետություն, լինի Միավորված ազգերի կազմակերպության անդամ, թե ոչ, որի համար վերոհիշյալ միջոցների կիրարկման հետևանքով հատուկ տնտեսական խնդիրներ են առաջանում, իրավունք ունի դրանց լուծման վերաբերյալ խորհրդակցել Անվտանգության խորհրդի հետ:

Իսկ ՄԱԿ-ի Միջազգային անվտանգության ամրապնդման մասին հռչակագիրը հաստատում է, որ երկրները պետք է լիարժեք հարգեն մյուս երկրների ինքնիշխանությունը և սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրների իրավունքը՝ առանց արտաքին միջամտության, հարկադրանքի կամ սահմանափակման, և ձեռնպահ մնան ցանկացած այլ պետության կամ երկրի ազգային միասնության և տարածքային ամբողջականության մասնակի կամ ամբողջական ոտնահարմանն ուղղված ցանկացած փորձից:

Իսկ 5-րդ կետում նշված է, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ տարածքային անձեռնմխելիության, ինչպես նաև ցանկացած այլ պետության քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից, և որ պետության տարածքը չպետք է լինի ռազմական օկուպացիայի օբյեկտ ուժի կիրառման արդյունքում: Հռչակագիրը հաստատում է, որ պետության տարածքը չպետք է լինի այլ պետության կողմից ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արդյունքում ձեռքբերման օբյեկտ, որ սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունքում որևէ տարածքային ձեռքբերում չպետք է օրինական ճանաչվի, և որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ այլ պետությունում քաղաքացիական պատերազմ կամ ահաբեկչական գործողություններ կազմակերպելուց, դրան դրդելուց, օժանդակելուց կամ մասնակցելուց: 

7-րդ կետով ՄԱԿ-ը կոչ է անում անդամ-երկրներին արագ արձագանքել  սկզբունքների շուրջ համաձայնության գալու անհրաժեշտությանը՝  խաղաղության պահպանումն ապահովելու համար ավելի արդյունավետ գործողություններ կատարելու համար:

Փաստերի ստուգման հարթակ