Զինծառայող Նարեկ Պողոսյանն ավելի քան մեկ ամիս անց գիտակցության է եկել. Factor

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել: Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,- հավելեց Թորոսյանը:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն Նարեկ Պողոսյանի անունը ներառել էր զոհվածների ցանկում: Նույն օրը, սակայն, գերատեսչությունից հայտնեցին, որ զինվորի սրտի զարկը վերականգնվել է:

«Կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են»,- սեպտեմբերի 1-ին հայտնել էին ՀՀ ՊՆ-ից: Սեպտեմբերի 1-ի ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 3 զոհ տվեց: