Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կոշտ և առավել վտանգավոր թափոնները քաղաքային աղբամաններում չպետք է հայտնվեն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ հանգստյան օրերին շրջայց է կատարել վարչական շրջաններում և արձանագրել, որ քաղաքացիները կենցաղային աղբի համար նախատեսված աղբամաններ են գցել կենցաղային տեխնիկա, անգամ՝ անվադողեր: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել բնակչությանն աղբամանները ճիշտ և ըստ նշանակության օգտագործելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին՝ աղբը թափելուց հետո անպայման փակել աղբամանի կափարիչը, իսկ համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների աշխատակիցներին՝ հետևել աղբամանների մաքրությանն ու պարբերաբար լվանալ դրանք:
«Բնակչության հետ մեծ անելիք ունենք աղբ թափելու կարգի ձևավորման առումով: Աղբահանության խնդրի կարգավորումից հետո կանցնեք աղբի տեսակավորմանը և սկսելու ենք ստվարաթղթից: Բայց մինչ այդ, մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել օրինակ հեռուստացույցները կամ անվադողերը և դրա պատճառով աղբահանության տեխնիկան շարքից դուրս կգա»,-նշել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է նաև ուսումնասիրել բուժհաստատությունների կոշտ և փափուկ թափոնների ոչնչացման առանձին պայմանագրերն ու ստուգել դրանց կատարումը: Զեկուցվել է, որ օրեր առաջ մայրաքաղաքի ատամնաբուժական կլինիկաներից մեկի թափոնները, այդ թվում՝ օգտագործված ներարկիչներ, հայտնաբերվել էին քաղաքային աղբամանում: Կլինիկային պատասխանատվության ենթարկելու և նման դեպքերը բացառելու համար գրություն է ուղարկվել համապատասխան գերատեսչություն:
«Բժշկական թափոնները հայտնվում են ընդհանուր աղբում, ինչն առաջին հերթին վտանգավոր է մարդկանց կայնքի և առողջության համար: Իրավունք չունեն նման բան անելու: Ստուգումներ պետք է իրականացվեն առողջապահական ծառայություններ առաջարկող բոլոր հաստատություններում, նաև՝ հարևանությամբ տեղադրված աղբամաններում, և եթե հայտնաբերվեն դեպքեր, պետք է տուգանվեն և պատասխանատվություն կրեն»,-ընդգծել է Հայկ Մարությանը: