Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջի վերաբերյալ լսումներ կանցկացնի

ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հունվարի 30-ին Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի հիման վրա հանրային լսումներ կանցկացնի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արդարադատության միջազգային դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունից. հունվարի 30-ին Հաագայի Խաղաղության պալատում կանցկացվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով հանրային լսումներ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի հիման վրա:

Լսումները նվիրված են լինելու Հայաստանի Հանրապետության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան ներկայացված՝ միջանկյալ միջոցների կիրառելու խնդրանքին:

ՄԱԿ-ի դատարանը հունվարի 31-ին նաև լսումներ կանցկացնի՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցի հիման վրա: